Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը պետք է չեղարկել


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ֆորմատը պետք է չեղարկել։

«Ես կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր», - խորհրդարանում նիստի մեկնարկին հայտարարեց Սիմոնյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե մտադի՞ր է առաջիկայում՝ երկարատև ընդմիջումից հետո, այդ հանձնաժողովի նիստ գումարել։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ պետք է լրջորեն քննարկել միջխորհրդարանական հանձնաժողովը չեղարկելու հարցը, որովհետև «Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիակ ՀՀ-ում այլևս ոչ ոք չունի»՝ ԼՂ իշխանությունների որոշմամբ։

Արծվիկ Մինասյանը մեջբերեց իրավական ակտերը՝ նշելով, որ Արցախի Ազգային ժողովը իրավասու չեն համարել չեղյալ։

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով մի քանի անգամ հայտարարել են, որ Ղարաբաղի լուծարումից հետո Արցախի պետական կառույցների գործունեությունը ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։

Անդրադառնալով Արցախը լուծարելու մասին իր ստորագրած հրամանագրին՝ նախորդ տարեվերջին Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ընդգծել էր, թե Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խորհրդարանի ղեկավարն ասաց, որ ՀՀ-ում գոյություն չունի Արցախի նախագահ, Արցախի պատգամավորներ. - «Ես համարում եմ, որ օրինակ՝ եթե վաղը հրաժարականի դիմում ներկայացնեմ, ես հրաժարականի դիմում այլևս ներկայացրել եմ և չեմ կարող գալ, ասել՝ գիտեք ինչ, ես ներկայացրել եմ, բայց, այնուամենայնիվ, մնում եմ ԱԺ նախագահ»։

Ալեն Սիմոնյանը նաև ասաց, որ Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի իմաստն էլ պետք է վերանայվի։

«...Արցախի նորեկ իշխանությունները, որոնք Արցախի իշխանություններին ճնշմամբ հեռացրել են, այդ ապագան սկուտեղի վրա դրեցին, հանձնեցին, նստեցին ուղղաթիռը և փախան Հայաստան: Եվ հիմա եկել են, այստեղ Արցախի ներկայացուցչությունում հավաքներ են անում, փորձում են իրենց վրայից այդ մեղքը մաքրեն: Չեն կարողանալու մաքրել:

Այդ շենքի իմաստն էլ պետք է մենք վերանայենք։ Ես համարում եմ, որ այդ շենքը այլևս չպետք է նման բաներին ծառայի», - նշեց նա։

XS
SM
MD
LG