Մատչելիության հղումներ

«Ահավոր է, երբ տանդ գլխին հրթիռներ են պայթում». Իսրայելից 144 հոգի եկավ Հայաստան


Նոնա Զուկինն ամուսնու հետ այսօր Երևան եկավ։ Պատմում է, թե ինչ էր կատարվում երեկ. Իսրայելի Աֆուլահ քաղաքում են ապրում։

«Ահավոր է, երբ տանդ, պատշգամբիդ գլխին հրթիռներ են պայթում։ <> Երբ հարձակումն սկսվեց, բոլորս նախապես գիտեինք, իջանք ռմբապաստարան, տեսանք, որ ամեն ինչ հենց օդում էլ պայթում է, հակահրթիռային համակարգը գործում է, բայց անկեղծ ասած` վախենում էինք երեխաների, թոռների, մեզ համար», - ասում է նա։

Նոնան հրեա է, ամուսինը՝ հայ։

FlyOne ավիաընկերության չվերթով այսօր Իսրայելից 144 հոգի եկավ Հայաստան՝ հայեր, հրեաներ ռուսներ էին հիմնականում։

Իշխանություններն ասում են՝ ինչ անենք, «մենք էլ կազմակերպված հետևում ենք հրահանգներին», պատմում են երեկ իրանական 180 հրթիռներ հաղթահարած պետության քաղաքացիները։ Շատերը Հայաստան են եկել հրեական Ամանորը նշելու, որ սկսվում է այսօր։

Այսօր նաև Երևանից Թել Ավիվ թռիչքն է գործել, 44 հոգի մեկնել է Իսրայել, տեղեկացրին FlyOne ընկերությունից։ Չեղարկվել են Թեհրանի թռիչքները։ «Արմենիա Էյրուեյզ» ընկերության ներկայացուցիչն ասաց՝ Թեհրանից եկողն ու այստեղից Թեհրան վերադարձող օդանավերը կվերսկսեն թռիչքները, երբ Իրանի օդային տարածքը բացվելու վերաբերյալ տեղեկություն ունենան։


Չեղարկվել է նաև Դոհա-Երևան թռիչքը։ Այս մասին գիշերվանից ահազանգում էին ԱՄՆ-ից Քաթարով Երևան եկող հայերը, որ մնացել են Քաթարում։ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ ավիաընկերությունը հայտարարել է, որ անժամկետ դադարեցնում է իր թռիչքները։

Երեկ, երբ Իրանի քաղավիացիան հայտարարեց երկրի ամբողջ տարածքում թռիչքները չեղարկելու մասին, որոշ օդանավեր այլ հարևան երկրներում վայրէջք կատարեցին։ Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացրին՝ «Զվարթնոց»-ում չվացուցակից դուրս, չնախատեսված վայրէջք չի եղել։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG