Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, դատարանի որոշմամբ, կբռնագանձվի նաև Հաջիևի տունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։
Իր եզրափակիչ ելույթում Հաջիևը պնդել է իր անմեղությունն ու հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։
Դեկտեմբերի 28-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացած նիստի ժամանակ պետական դատախազը պահանջել էր Հաջիևի համար 11 տարվա ազատազրկում և նրա սառեցված հաշիվների բռնագանձում։
Ըստ մեղադրանքի՝ Հաջիևը զբաղվել է մաքսանենգությամբ, փողերի լվացմամբ և խուսափել է հարկերից։ Ակտիվիստը կալանքի տակ է 2022 թվականի դեկտեմբերի 9-ից, ի սկզբանե մեղադրվում էր խուլիգանության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Յասամալի շրջանային դատարանում բլոգեր Ուլվիյա Ալովլուի հետ վիճաբանության համար։
Նախաքննության ընթացքում նրա նկատմամբ լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, փողերի լվացման, մաքսանենգության, փաստաթղթերի կեղծման՝ հարկերից խուսափելու համար։ Հաջիևը մշտապես հերքել է բոլոր մեղադրանքները՝ դրանք քաղաքական որակելով։
Նա պնդում է, որ իր ձերբակալությունը վրեժ է իր դեմ՝ ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի հասցեին քննադատության համար: Ներքին գործերի նախարարությունը հերքել է այս պնդումները։