Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Բախտիյար Հաջիևին մեղադրում են Ալիևի վարչակազմի գործակալ լինելու մեջ


Արդյո՞ք ադրբեջանցի ամենահայտնի ընդդիմադիր ակտիվիստներից մեկը՝ արդեն շուրջ քսան օր բանտում գտնվող Բախտիյար Հաջիևը, իրոք համագործակցել է Իլհամ Ալիևի վարչակազմի հետ։ Այս հարցը ադրբեջանական սոցցանցերում ակտիվ քննարկման առարկա է դարձել երեկվանից՝ այն բանից հետո, երբ Ֆեյսբուքում 10 րոպեանոց մի տեսանյութ հրապարակվեց, որում ներկայացված էին ակտիվիստի իշխանամետ գործիչների հետ նամակագրության որոշ մանրամասներ։

Բախտիյար Հաջիևը իր պաշտպանների միջոցով այսօր հերքել է Ալիևի վարչակազմի հետ համագործակցության մեղադրանքները՝ պնդելով, որ իր անձնական նամակագրության մանրամասները տարածում են հատուկ ծառայությունները, և դրանք ադրբեջանական պետանվտանգության ձեռքում են հայտնվել «կիբերհանցագործության հետևանքով»։ Դրա հետ մեկտեղ Հաջիևը այսօր տարածած հայտարարության մեջ չի հերքել, որ մի քանի տարի առաջ հանդիպումների շարք է ունեցել բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հետ։


«Ես նախկինում էլ հրապարակայնորեն նշել եմ, որ 2019 թվականի սկզբում նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ ինձ հետ կապեր էին հաստատվել և ինձ տեղեկացրել էին, որ Ալիևը բարեփոխումներ է սկսում և ցանկանում է, որ ես ևս ներկայացված լինեմ նոր թիմում՝ պետական կառույցներից որևէ մեկում։ Ինձ հետ բանակցությունները վարում էր արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովը», - հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիրը՝ խոստովանելով, որ ադրբեջանական կառավարության ամենաազդեցիկ անդամներից մեկի հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել։

«Հետագայում ինձ հետ բանակցելու գործը հանձնարարվեց պետանվտանգության ծառայության պետ Ալի Նագիևին, որն ինձ խնդրեց բարեփոխումների հինգ ուղղություններով առաջարկների փաթեթ ներկայացնել։ Ես առաջարկներ ներկայացրեցի չորս ուղղություններով։ Հինգերորդը ուղղությունը ես ազատ թողեցի՝ մտածելով, որ եթե նախագահն իրոք ցանկանում է բարեփոխումներ իրականացնել և ինձ որևէ պաշտոն վստահել, ապա այդ հինգերորդ կետը հենց ինքն է լրացնելու»,- գրել է ընդդիմադիր ակտիվիստը։


Հաջիևի պնդմամբ, սակայն, այս գործընթացը ձգձվեց և որևէ ադյունքի այդպես էլ չհանգեցրեց։

«Դա ինձ ստիպեց, որ ես մասնակցեմ 2020-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։ Ես առաջադրվեցի այն ընտրատարածքում, որտեղ քվեարկում էր նախագահ Ալիևը։ Ես ցանկանում էի ցույց տալ, որ եթե ընտրությունները կեղծվեն, ուրեմն բարեփոխումների մասին խոսակցությունները կարելի է իմիտացիա որակել», - նշել է Հաջիևը։

Ուշագրավ է, ի դեպ, որ լայն հանրությանը Բախտիյար Հաջիևը հայտնի դարձավ այն նույն տարում, երբ ընթանում էին նրա և իշխանավորների բանակցությունները։ 2019-ին էր, որ նրան սկսեցին իրենց հաղորդումներին հրավիրել իշխանամետ ալիքները, այդ նույն տարվա նոյեմբերին էլ լայնորեն տարածվեց նրա և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցի տեսագրությունը, որն արվել էր միջազգային համաժողովներից մեկի ժամանակ։

Դիմելով Փաշինյանին՝ Հաջիևը ներկայանում էր և հատուկ ընդգծում, որ ծնվել է Հայաստանի տարածքում՝ Վարդենիսում և այժմ իր ծննդավայր այցելել չի կարող։ 2019-ին Փաշինյանին ուղղված Բախտիյար Հաջիևի հարցը վերաբերում էր Հայաստանի կողմից ՄԱԿ-ի բանաձևերի չկատարմանը։ Այս նույն զրույցի ժամանակ, ի դեպ, ադրբեջանցի ակտիվիստը Հայաստանի վարչապետին գրիչ նվիրեց։

44-պատերազմի ընթացքում Բախտիյար Հաջիևը միանշանակորեն աջակցում էր ռազմական գործողություններ սկսելու Իլհամ Ալիևի որոշումը, իսկ պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերին, Ֆեյսբուքի իր էջում ուրախությամբ ազդարարում էր Լեռնային Ղարաբաղում դեռահասի սպանության համար դատապարտված Դիլգամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի Բաքու վերադարձի մասին։

Վերջին երկու տարիներին Հաջիևը շարունակում էր ակտիվորեն մասնակցել տարատեսակ արևմտյան հիմնադրամների կողմից կազմակերպվող համաժողովներին, մասնակցում էր նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով Բաքվում անցկացվող սակավաթիվ ցույցերին։ Ադրբեջանական դատարանի կողմից Հաջիևը կալանավորվել էր դեկտեմբերի 9-ին՝ խուլիգանության և դատավորի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքներով։ Դեկտեմբերի 15-ին Բախտիյար Հաջիևը անժամկետ հացադուլ հայտարարեց՝ պահանջելով իրեն ազատ արձակել բանտից։ Նշենք, ի դեպ, որ սա Բախտիյար Հաջիևի առաջին բանտարկությունը չէ։ Բլոգերին ձերբակալել էին նաև 2011 թվականին՝ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG