Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ վաղը հեռախոսազրույց կունենա ռուս պաշտոնակցի հետ՝ քննարկելու Ուկրաինայում ռուսական զորքի գրաված տարածքների և էլեկտրակայանների հարցը:
Պաշտոնն ստանձնելուց հետո սա Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի երկրորդ հեռախոսազրույցը կլինի, որի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը կքննարկի նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև «որոշ ակտիվներ բաժանելու» հարցը։ Թե ինչ ակտիվների մասին է խոսքը, Թրամփը չի մանրամասնել:
«Ուզում ենք հասկանալ՝ կարո՞ղ ենք վերջ տալ այս պատերազմին: Գուցե ստացվի, գուցե՝ ոչ: Բայց կարծում եմ՝ շատ լավ հնարավորություն ունենք: Կարծում եմ՝ կխոսենք տարածքների մասին, դա շատ մեծ տարածք է: Կխոսենք էլեկտրակայանների մասին, դա շատ կարևոր հարց է: Արդեն խոսում ենք որոշակի ակտիվներ բաժանելու մասին», - նշել է Թրամփը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է՝ երեքշաբթի նման հեռախոսազրույց նախատեսված է, սակայն հրաժարվել է մեկնաբանել, թե ինչ հարցեր են քննարկելու նախագահները:
Ուկրաինացիները չեն կարծում, թե Պուտին-Թրամփ բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության
Ուկրաինացիները, սակայն, չեն կարծում, որ Պուտին-Թրամփ բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության: Կիևի բնակիչ Տետիանա Բորտնիցկան համաձայն չէ, որ երկրները հիմա ևս մեկ քայլ մոտ են խաղաղությանը:
«Խաղաղության բանակցություններ Ուկրաինայում՝ առանց Ուկրաինայի, երկու տարեց խելագարների միջև... Դա այնքան անհեթեթ է, որ ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես կարելի է դա սովորական բառերով արտահայտել», - նշել է նա:
Կիևի մեկ այլ բնակիչ Բոգդան Շևչուկն իր հերթին ասում է, որ ոչ Թրամփը, ոչ էլ Պուտինը առանձնապես վստահություն չեն ներշնչում. - «Պատերազմը շարունակվում է երեք տարի և արդեն չորրորդ տարին է պտտվում, սա լիովին հյուծել է ինձ: Ես իսկապես հոգնել եմ այս ամենից»:
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից մեկ օր առաջ՝ այսօր Եվիրամիության արտաքին գործերի նախարարները ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում քննարկում են Ուկրաինային աջակցելու հարցը։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հանդիպումից առաջ հայտարարել է՝ հրադադարի վերաբերյալ Պուտինի առաջ քաշած պայմանները, թե այն պետք է երկարաժամկետ լինի ու վերացնի հակամարտության առաջացման պատճառները, վկայում են, որ նա իրականում խաղաղություն չի ցանկանում:
«Այդ պայմանները, որ նրանք ներկայացրել են, ցույց է տալիս, որ նրանք իրականում խաղաղություն չեն ուզում, քանի որ նրանք որպես պայմաններ ներկայացնում են իրենց բոլոր վերջնական նպատակները, որոնց ցանկանում են հասնել պատերազմի արդյունքում», - ասել է Կալլասը:
«Ավելի քան 30 երկիր կներգրավվի Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիայում»
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակն այսօր հայտարարել է, թե ավելի քան 30 երկիր կներգրավվի Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիայում, որը նախաձեռնել են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Դրանց զգալի մասը պատրաստ է խաղաղապահներ տեղակայել Ուկրաինայում, մյուսներն այլ կերպ կաջակցեն:
«Մասնակցության հնարավորությունները տարբեր կլինեն, բայց սա զգալի ուժ կլինի, քանի որ զգալի թվով երկրներ զորք կտրամադրեն»,- ասել է նա:
Ըստ Times-ի՝ Մեծ Բրիտանիան պատրաստ է զորք տեղակայել այնքան ժամանակ, ինչքան հարկավոր է:
Եվրոպական միության խորհուրդն այսօր հաստատել է Ուկրաինային մոտ 3,5 միլիարդ եվրոյի հատկացումը, որը կտրամադրվի դրամաշնորհների և վարկերի տեսքով: Հատկացման նպատակն է աջակցել Ուկրաինային մակրոֆինանսական կայունության պահպանմանն ու երկրի վերականգնմանն ու վերակառուցմանը:
Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են միմյանց հարվածներ հասցնել: Ռուսական զորքը շարունակում է Ուկրաինայի արևելքում առաջ շարժվել, ինտենսիվ են դարձել Դոնեցկի, Խարկովի և Օդեսայի ուղղությամբ հարվածները: Ուկրաինական զորքը գրեթե դուրս է եկել Կուրսկից, ուր ներխուժել էր անցած օգոստոսին: