Մատչելիության հղումներ

Վատ տեսողությամբ երիտասարդին զորակոչում են բանակ. մայրն անհանգստացած է


Էրիկ Ավագյանի մայրը՝ Նելլի Դավթյան
Էրիկ Ավագյանի մայրը՝ Նելլի Դավթյան

«Ով գումար ունի, կարող է ազատվել, իսկ ով չունի՝ խնդրով պետք է՞ ծառայի»․
Նելլի Դավթյանի ընտանիքում շվարել են, երբ որդուն բանակ զորակոչելու ծանուցագիրն են ստացել։

21-ամյա Էրիկ Ավագյանը դեռ երեք տարի առաջ ժամանակավորապես ոչ պիտանի էր ճանաչվել։ Մանկուց տեսողության խնդիր ունի, պատմում է մայրը, ով տղային դեռ փոքր տարիքից ստուգումների էր տանում, հետևում ակնաբույժերի խորհրդին ու ցավ ապրում, որ իր որդին չի կարողանա սպորտսմեն դառնալ՝ բարդացած տեսողության պատճառով: Էրիկը խոսել չցանկացավ, փոխարենը մայրը, որ որդու բժշկական թղթերն անգիր գիտի, պնդում է՝ որդին բանակ չի կարող գնալ:

«Ըստ օրենքի՝ ազատվում է 7.5 ից, սակայն քանի որ Էրիկի մոտ 7 է, իրենք մտածում են, որ պետք է գնա։ Բայց բժշկուհին ասում է՝ ի՞նչ տարբերություն՝ 7, թե 7․5, իր աչքը հեռատեսություն է, որը տատանվում է, նույնիսկ 6 տարեկանից իր մոտ եղել է 8․5՝ անկետան ունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավթյանը։

Եթե երեք տարի առաջ զինվորական հանձնաժողովը եզրահանգել է, որ երիտասարդի տեսողությունը +8 է՝ բարձր հեռատեսություն, ու երեք տարով պետք է տարկետում ստանա, ապա այս անգամ եզրահանգել են՝ 8-ը դարձել է 7 ու որոշել՝ ենթակա է ծառայության՝ սահմանափակումով:


«Հիմա սահմանափակում գրվում է, բայց ես ինչքանո՞վ վստահ լինեմ, որ էդպես կլինի, որովհետև շատ եմ լսում, որ ոչ մի սահմանափակում չկա», - մտահոգություն է հայտնում մայրը:

Անհանգստացած մոր հարցին զինկոմիսարիատի հետ աշխատող բժիշկներն այդպես էլ հստակ պատասխան չեն տվել՝ ինչպե՞ս կարող էր լավացում լինել, ավելին՝ սարքավորումն այս անգամ էլ է 8 ցուցանիշն արձանագրել, բայց բժիշկը թղթերում 7 է նշել: Իսկ սա արդեն նշանակում է, որ երիտասարդը ենթակա է ծառայության:

«Բժշկուհին ասում է՝ մենք կարող ենք տարբեր աչքով տեսնել, ես կարող է տեսնեմ 6․5, դու՝ 7, ես էլ ասում եմ՝ դե եկեք հիմնվենք սարքի վրա», - ասում է Նելլի Դավթյանը։

Մայրը, սակայն, հաշտ չլինելով այս եզրակացության հետ՝ որդուն տարել է մասնավոր կլինիկա, վճարել ու լսել այլ պատասխան՝ բարձր հեռատեսություն՝ 8 նիշով, ու լսել բժշկի եզրահանգումը՝ տղան պետք է ազատվի ծառայությունից:

«Ես գնացի զինկոմիսարիատ, պետի հետ խոսեցի։ Ասում եմ՝ ո՞նց է լինում, որ ձեր ուղարկած հիվանդանոցներն ասում են՝ պիտանի է, տանում եմ Մալայան, այնտեղ ասում են՝ ինքը ոչ պիտանի է», - հարց է բարձրացնում Էրիկ Ավագյանի մայրը։

Զինկոմիսարիատի պատասխանը մեկն է եղել՝ կարող եք դատարան դիմել: Մայրն այդպես էլ կանի, բայց մինչ այդ, ասում է, շատ կուզեր, որ տղան ծառայեր, ուղղակի վստահ չէ, որ այն տղային օգուտ կտա, ավելին՝ մտավախություն ունի, որ որդու առողջական վիճակը բանակում է՛լ ավելի կվատանա:


«Ես իմ հայրենիքը սիրում եմ և կուզենայի, որ իմ տղան, եթե առողջ լիներ, խնդիր չկա, բայց որ ունի տեսողական խնդիր ու, ընդ որում, այս խնդրով ազատվում է, ես չեմ ուզում, որ իմ տղան ծառայի», - ասաց Նելլի Դավթյանը։

Տարիներ առաջ որդու ակնաբույժն էր հորդորել՝ տղային ազատել ֆիզկուլտուրայի դասերից, բացատրել՝ նրան արգելված է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Մայրը հաստատակամ է՝ հունվարի 17-ին որդին կգնա զինկոմիսարիատ, բայց կգրի՝ հրաժարվում է ծառայությունից: Նրան, այս դեպքում, սպառնում է քրեական պատասխանատվություն, սա, սակայն, ընտանիքին հետ չի պահում արդարության հասնելու իրենց մտադրությունից:

Մորն ու որդուն իրավական աջակցություն ցուցաբերող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ընդգծում է՝ պետությունը շարունակում է բանակ զորակոչել առողջական խնդիրներով երիտասարդներին: Այս ձմեռային զորակոչին արդեն 30 բողոք են ստացել:


«Խնդիրներն, ըստ էության, շատ նման են այն խնդիրներին, որոնք եղել են նախորդ զորակոչերին», - «Ազատության»-ն ասաց Մովսեսյանը։

Կառավարության ամիսներ առաջ խստացրեց զինծառայությունից ազատման պայմանները. նվազեցրեց առողջական խնդիրների դեպքում տարկետում տալու կամ էլ ազատելու հնարավորությունները: Նպատակն էր նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:

«Պետք են արդյունավետ, համալիր, օբյեկտիվ հետազոտություններ իրականացնել, պետք է զորակոչիկների առողջական թղթերում արտացոլված լինի իրենց իրական առողջական վիճակը և, բնականաբար, թե՛ բուժհաստատությունները, թե՛ զինկոմիսարիատները որևէ իրավասություն չունեն սխալ և թերի արդյունքներ ներկայացնել առողջական վիճակի վերաբերյալ», - ասաց իրավապաշտպանը։

Պաշտպանության նախարարությունից, սակայն, հակադարձում են՝ պատրաստ են լսել ցանկացած բողոք ու օրենքի սահմաններում լուծում տալ, ավելին՝ զորակոչիկն իրավունք ունի բողոքարկել իր առողջական վիճակի մասին եզրակացությունները: Հենց այսպես էլ պատրաստվում են անել Էրիկ Ավագյանն ու մայրը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG