Պետությունը շարունակում է բանակ զորակոչել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին, բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպաններն են ահազանգում ու պնդում՝ իրենց բարձրաձայնած խնդիրները լուծում չեն ստանում:
Նախորդ զորակոչերի նման ևս այս զորակոչին են նույն բողոքները ստացվում՝ առողջական գանգատների թերի արձանագրում, կիսատ պռատ հետազոտություններ, թանկարժեք հետազոտությունների բացակայություն:
«Զորակոչիկները ներկայացրել են գանգատներ, սակայն զինկոմիսարիատի կողմից չեն տրամադրվել ուղեգրերը, կամ ուշադրություն չեն դարձվել այդ գանգատներին, և միայն առողջական վիճակի մի մասով կամ մեկ առողջական խնդրով են ուղեգրվել, մյուսները անտեսվել են», - «Ազատությանն» ասաց իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը՝ շարունակելով, - «Սա այն խնդիրներից է, որը տարիներ շարունակ ունենք, և տարիներ շարունակ կրկնվում են»։
Պաշտպանության նախարարությունից հակադարձում են՝ զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացությունները բողոքարկելու սահմանված ընթացակարգեր կան, իրենք էլ հետևողական են և պատրաստակամ՝ ուսումնասիրելու, ծագած խնդիրներն օրինականության շրջանակներում լուծելու հարցում: Ընդգծում են՝ ցանկացած ահազանգ ստանում է պատշաճ ընթացք:
Իրավապաշտպանը, սակայն, պնդում է՝ զորակոչիկները շարունակում են բախվել նույն խնդրին՝ մասնավոր բուժհաստատությունները հրաժարվում են անգամ գումարի դիմաց հետազոտել նրանց. - «Շատ դեպքերում նաև նշում են, որ մտավախություն ունենալով, որ ախտորոշումը, որ իրենք կգրեն, կարող է հակասել զինվորական հանձնաժողովների ախտորոշմանը և կարող է ինչ-որ խնդիր առաջացնել իրենց համար»։
Առողջապահության նախարարությունից փոխանցեցին՝ այս խնդրից տեղյակ չեն, ընդգծեցին՝ նման արգելք չկա: Նազելի Մովսեսյանը նաև շեշտեց՝ թանկարժեք հետազոտությունների համար պետությունը չի վճարում, պատճառաբանում է սուղ բյուջեն: Սրա հետևանքով էլ կա՛մ ընտանիքը պետք է մեծ փողեր ծախսի, կա՛մ էլ գումար չլինելու դեպքում հիվանդ երիտասարդին ուղարկի բանակ:
Մովսեսյանը հիշեցրեց մեկ տարի առաջ՝ Զինված ուժերի կազմավորման տարեդարձի տոնական միջոցառման ժամանակ վարչապետ Փաշինյանի խոսքերը, թե զորակոչի ենթակա երիտասարդների կեսից քիչն է զորակոչվում բանակ: Ըստ Փաշինյանի՝ կա՛մ սերունդն առողջական ծանր խնդիրներ ունի, կա՛մ էլ զորակոչը Հայաստանում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը։ Այս հայտարարությունից հետո էլ կառավարությունը նոր որոշում ընդունեց ու խստացրեց հիվանդությունների ցանկը: Իրավապաշտպանները, սակայն, սա որակեցին հետընթաց, մարդու իրավունքների խախտում, որն ուղղված է թվաքանակի ավելացմանը:
Այսպես կոռուպցիայի դեմ չեն պայքարում. փաստաբան
«Այսպես կոռուպցիայի դեմ չեն պայքարում»,- ասում է բանակի խնդիրներով զբաղվող փաստաբան Հայարփի Սարգսյանը: Իր փորձից պնդեց՝ վարչապետի այս հայտարարությունից ու կառավարության որոշումից հետո վիճակն ավելի է վատթարացել:
«Զորակոչիկը ունի տեսողության խնդիր, և մասնավոր բժշկական հաստատությունը տվել է փաստաթուղթ, անգամ զինկոմիսարիատի բժիշկն է գտնում, որ նա պիտանի չէ ծառայությանը, բայց հանձնաժողովը պիտանիի հոդված է գրում», - ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ առողջական վիճակն էլ ավելի է բարդացնում զինվորի կյանքը բանակում, անընդհատ բուժկետ դիմելը կարող է լարել մյուս զինվորների վերաբերմունքը, վեճերի պատճառ դառնալ: Նա զինվորներից մեկի գործով դիմել է վարչական դատարան, վիճարկում են զորակոչելու որոշումը: Բայց այստեղ էլ կա խնդիր՝ մինչև դատարանը որոշում կայացնի, զինվորը կավարտի ծառայությունն ու տուն կվերադառնա:
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.