Մատչելիության հղումներ

«Վարժական հավաքի՝ կարճ տաբատի պատճառով». ինչպե՞ս են փախստականի կարգավիճակով մարդուն հավաքի կանչել


Էդուարդ Հայրումյանն օգոստոսի 1-ին մի արտառոց պատմության մեջ է հայտնվել, չափազանցություն չկա՝ կարճ շալվարի պատճառով։ Էդուարդն ինքը այդ ամենը զավեշտալի է համարում:

Ծնունդով Արցախից, բայց արդեն 16 տարի Երևանում ապրող Էդուարդը ընտանիքի հետ Կիպրոս պիտի մեկնի վաղը։ Մինչև այդ Վիզաների և անձնագրային վարչությունում ճշտել էր՝ հին անձնագրով կարող է մեկնել։ Նա նաև Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում էր ներկայացրել։

«Օգոստոսի 1-ին գնում նորից մտնում եմ էդ նույն մարդու մոտ, ասում եմ՝ կխնդրեմ մի հատ էլ ստուգեք, որ մենք համոզված լինենք, ամսի 4-ին թռնում ենք, մեկ էլ անձնագիրը ստուգում ա, ասում ա՝ Ձեր անձնագիրն այլևս անվավեր է», - պատմեց Հայրումյանը:

Էդուարդը շատ արագ համաձայնել է վճարել, մեկ օրում անձնագիր ստանալ, ընտանեկան հանգիստը չձախողվի, դեռ օգոստոսի 1-ն է, ժամը 16:00-ն, պետք է հասցնի զինկոմիսարիատ հասնել, հաշվառման թերթիկը կնքած վերցնել:

«Գնում եմ Մասիվ, շորտիկով եմ», - ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության №3 տարածքային ստորաբաժանման ղեկավարն, ըստ Էդուարդի, այդ լուքը չի հավանել:

Հայրումյանն ասում է՝ «բացատրեցի՝ մեկ օր ժամանակ ունեմ նոր անձնագիր ստանալու»: Պետի մոտից դուրս եկել, զինկոմիսարիատի սպաներից մեկին է դիմել, ջանք գործադրել, հասկացրել, չի հասցնի տուն գնալ զգեստափոխվել վերադառնալ:

«Ասում ա՝ գնա շալվար հագի, արի, ես նորից եմ խնդրում, ասում եմ՝ եթե պետք է՝ վաղը բուշլատով կգամ, ոնց ուզում եք վաղը կգամ, բայց այսօր չեմ հասցնի, եթե դա ձեր անձնական ամբիցիան ա», - պատմեց նա:

Հենց պարզվում է շորտիկը փոխել չի ստացվում, վրա է հասնում զինկոմիսարիատի պետի որոշումը. - «Բարձրանում հետ ա գալիս, ասում ա՝ ե՞րբ ես հետ գալիս, ասում եմ՝ օգոստոսի 11-ին, դե ուրեմն գալու ես, պետն ասաց՝ գրեք իրան ու ուղարկեք առաջին զորակոչին՝ 25-օրյա հավաքին: Ասում եմ՝ լավ, դա պատիվ ա, ոչ թե պատիժ: Նորից շարունակում ա՝ պետն ասել ա, որ համարձակվել ես շորտիկով գաս մտնես իմ կաբինետ, ուրեմն առաջին զորակոչին.... ասացի՝ ձեր պետին ասեք, որ զորակոչի կանչելը պատիժ չի մարդկանց համար, ու հենց ձեր պարտականությունն ա էնպես անեք, որ մարդիկ հասկանան, որ 25-օրյա հավաքին կամ ընդհանրապես զորակոչին գնալը պատիվ ա»:

«Վարժական հավաքները խաղաթուղթ են դարձել»

Էդուարդ Հայրումյանն ասում է՝ ծառայել է, զինգրքույկ ունի, առողջ է և կարող է վարժական հավաքի մեկնել, բայց երկու բայց կա՝ հավաքով եք պատժում կարճ շալվարի համար, և հաջորդը՝ ես օգոստոսի 1-ի դրությամբ դեռ փախստական եմ, Հայաստանի քաղաքացի չեմ:

Հաջորդ օրը Հայրումյանը խիստ հանդիսավոր պայմաններում երդվում է, Հայաստանի անձնագիր է ստանում ու շնորհավորանքներ. - «Ստացվում ա, որ ես օգոստոսի 2-ին ստացել եմ անձնագիր, օգոստոսի 1-ին զորակոչվել եմ, ո՞ւմ եք զորակոչել ու ի՞նչ օրենքով»:

«Վարժական հավաքները խաղաթուղթ են դարձել»,- ասում է Էդուարդ Հայրումյանը այդ վերաբերմունքն անընդունելի է համարում:

Պաշտպանության նախարարության խոսնակից փորձեցինք ճշտել՝ ինչպե՞ս են փախստականի կարգավիճակով մարդուն վարժական հավաքի կանչել, օրն աշխատանքային չէ, զանգերն անպատասխան մնացին։ Մասիվի զինկոմիսարիատում էլ օրը ոչ աշխատանքային է՝ հերթապահողից միայն այն ճշտեցինք, որ մուտքը հողաթափերով և «կիսավարտիքով արգելվում է»։ Ոչ մի խոսք այն մասին, որ այս «հրահանգը» չիրագործողներին վարժական հավաքի կտանեն։

Ի դեպ՝ հավաքներով պատժելու մոտեցումը մի զինկոմիսարիատի ցանկություն չէ։ Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռ երկու տարի առաջ էր առաջարկում, օրինակ, անհնազանդության տարբեր ակցիաներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին սահման ուղարկել:

«Լավ կլիներ, որ այդ ակցիաներն ավարտվեն մեր մոբիլիզացիոն ռեսուրսի ավելացմամբ», - ասել է Քոչարյանը:

Այս թեմայով նույնիսկ քննարկում անցկացրեց ոստիկանության ու Պաշտպանության նախարարության բարձրաստիճանների հետ. բոլորն առաջարկը ողջունեցին, իսկ իրավապաշտպանները վարժական հավաքներով սպառնալը համարեցին «հետապնդման գործողություն է, ճնշման միջոց, որը հեղինակազրկում է բանակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG