Խորհրդարանում այսօր շարունակվում են 2025թ. բյուջեի քննարկումները։ Ընդդիմադիր երկու խմբակցություններից մասնակցում է միայն «Հայաստան» դաշինքը, որի պատգամավորները քննադատում են հաջորդ տարվա ծախսերն ու կառավարության քաղաքականությունը։
Ընդդիմադիր Գեղամ Մանուկյանն, ի թիվս այլ քննադատությունների, անդրադարձավ նաև պաշտպանության ոլորտին՝ բարձրացնելով այն խնդիրները, որոնք համարում է լուրջ բացթողում։
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերն այսօր դարձել են Հնդկաստանի ռազմարդյունաբերության գովազդային վահանակը։ Ամբողջը մամուլը հաղորդում է առաքումների մասին։ Պայմանագիր կնքելուց կարո՞ղ եք գրել, որ սրա մասին հրապարակումն արգելված է, ոնց ամբողջ աշխարհն է անում», - հարց բարձրացրեց նա։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այս քննադատությանը ամբիոնից չարձագանքեց։ Փոխարենը խոսեց զորակոչի մասին, պնդելով, որ այն շարունակում է «մեր երկրի, պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ»։
«Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի զինված ուժերում չծառայի։ Ես կարծում եմ, որ մենք պիտի լյուստրացիայի ենթարկենք մեր այդ շրջապատին», - հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ արդեն դիմել է վարչապետին, որ նմանատիպ գործընթաց սկսվի պետական կառավարման համակարգում։
«Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատի զավակները հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից», - շեշտեց Պապիկյանը։
Կոնկրետ թվեր նախարարը չհնչեցրեց։ 3 տարի ռազմական գերատեսչությունը ղեկավարող Սուրեն Պապիկյանը նաև չհստակեցրեց՝ որ պաշտոնյաներն են այդ քայլին դիմում, և ինչու ինքն ավելի վաղ չի բարձրաձայնել այս ոլորտում լյուստրացիայի անհրաժեշտությունը։
Մանրամասները՝ տեսանյութում.