«Մենք տեղեկացել ենք այդ որոշման մասին և պատրաստվում եք ուսումնասիրել այն», - «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Հայաստանի կառավարության որոշումը, որով հավանություն տրվեց Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին, ասաց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նա նշեց, որ Եվրամիությունը շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և աշխատում է խորացնել դրանք։
«Մենք ունենք «Դիմակայունություն և աճ» ծրագիրը (խմբ.- այդ ծրագրով 270 միլիոն եվրո պետք է հատկացվի Հայաստանին), և մենք քննարկուների մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ այն բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ԵՄ-ՀՀ հարաբերություններին, որոնք ընթանում են դրական ուղղությամբ», - շեշտեց Վասիլիս Մարագոսը։
Հարցին, թե Հայաստանի համար Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն տեսնո՞ւմ է, դեսպան Մարագոսն ընդգծեց, թե եթե երկիրը ուզում է անդամակցել ԵՄ-ին, դա նրա որոշումն է։ «Կան ԵՄ պայմանագրի դրույթներ, որոնք բացատրում են, թե ինչպես պետք է անդամակցությունը տեղի ունենա», - հավելեց նա։
Բայց արդյո՞ք Եվրամիությունը սպասում է Հայաստանին իր ակումբում, այս մասին Վասիլիս Մարագոսն ասաց՝ Եվրամիությունը խիստ հավատարիմ է Հայաստանի հետ իր հարաբերությունները խորացնելու հանձնառությանը։
«Ինչպես գիտեք, մենք բանակցում ենք գործընկերության նոր օրակարգի շուրջ։ Ինչպես նաև մենք հայտարարել ենք «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, որի իրականացման փուլում ենք», - նշեց ԵՄ դեսպանը։
Կառավարությունը երեկ հավանությունն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Դրա հեղինակներն արևմտամետ՝ «Եվրաքվե»-ի անդամներն են։ Նրանք օրինագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչև նոյեմբեր հավաքել էին օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի՝ 60 հազար ստորագրություն։
Նախագծին գործադիրի դրական դիրքորոշումը վարչապետն ու արտգործնախարարը բացատրեցին Հայաստան-Եվրամիություն վերջին տարիների ինտենսիվ հարաբերություններով։