Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին


Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։

Հիմնական զեկուցող, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել և այժմ կառավարությունը պետք է սահմանված կարգով դիրքորոշում հայտնի։

Միրզոյանն առաջարկեց դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով վերջին տարիներին ՀՀ-ի և Եվրամիության դինամիկ և զարգացող հարաբերություններից։

«ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել և ըստ էության ներգրավվել է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը, ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ-ի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, նաև Դուք հայտարարել եք, որ ՀՀ-ն պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Մենք այդ հնարավոր համարելու նշանները տեսել ենք, և ահա ելնելով այս հանգամանքներից՝ առաջարկում ենք դրական դիրքորոշում հայտնել», - ասաց Միրզոյանը։

2023-ի հոկտեմբերին վարչապետ Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Այս հայտարարությունից ամիսներ անց Երևանում Փաշինյանը ասաց, թե չգիտի՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն ընդունել Հայաստանին որպես կառույցի լիիրավ անդամ։

Վարչապետն այսօր կառավարության նիստի ժամանակ շեշտեց, որ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիության անդամակցություն։ Ըստ նրա՝ այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։

«Եվրամիության կամ ընդհանրապես վերպետական կազմակերպությանն ադամագրվելու որոշում մեր Սահմանադրության համաձայն կարելի է կայացնել միայն ու միայն մեր հանրաքվեի միջոցով և եթե հանրաքվեին սահմանված չափով կողմ ձայներ ստացվեն», - ասաց գործադիրի ղեկավարը։

Փաշինյանի խոսքով՝ մինչ հանրաքվեի անցկացումը, Հայաստանը պետք է անդամակցության հարցը քննարկի Եվրամիության հետ։

«Այս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որն իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք։ Սա ինչի համար եմ ասում, որովհետև, իմ ընկալմամբ, մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը Հայաստանի Հանրապետությունը, գոնե այս պահին, իմ ընկալմամբ, որևէ այլ գործողություն չունի անելու։ Եվ սա ինչի եմ ասում՝ հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար», - ասաց վարչապետը։

Օրինագծի հեղինակներն արևմտամետ՝ «Եվրաքվե» նախաձեռության անդամներն են։ Նրանք նախագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչ այս հավաքել էին անհրաժեշտ 50 հազարի փոխարեն 60 հազար ստորագրություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG