Մատչելիության հղումներ

Փաշինյանը խաղաղություն հաստատելու ՀՀ առաջարկներն է ներկայացրել՝ նշելով նաև ԵԱՀԿ ՄԽ լուծարումը


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի առաջարկներն է ներկայացրել, առաջին անգամ Երևանի անունից առաջարկելով լուծարել ղարաբաղյան կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը և տևական ժամանակ Բաքուն էր պահանջում, իսկ Երևանից արձագանքում էին՝ խաղաղության պայմանագրից հետո։

Պաշտոնական Երևանը Բաքվին նաև առաջարկում է փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի և երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա շարունակել սահմանազատման գործընթացը, կնքել Խաղաղության պայմանագիր, որը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, 90 տոկոսով պատրաստ է։

Փաշինյանը Բաքվին առաջարկները Ֆեյսբուքում է հրապարակել՝ շեշտելով նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման կարևորությունը, որը, ըստ գործադիրի ղեկավարի, կլուծի նաև Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքով և Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանական Հանրապետության տարածքով, համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների։

Երևանը վերահաստատում է նաև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնելու առաջարկը, որի մասին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր դեռ անցած հունիսին, սակայն Բաքուն մինչ օրս չի արձագանքել։

Փաշինյանն առաջարկում է «ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը, ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա, հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական և արդյունավետ իրագործման վրա, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորել, երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձևավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարին սկսել է հայկական կողմին ուղղված տարբեր սպառնալիքներով և կոշտ նախազգուշացումներով, թե իրենց պահանջները չկատարելու դեպքում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի:

Մոտ երեք տարի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելուց հետո Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել, սակայն Երևանը չի գնալու այդ ճանապարհով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG