Մատչելիության հղումներ

Ալիևը Ռուսաստանին պահանջներ է ներկայացնում, ռուս պաշտոնյաներին մեղադրում «կատարվածը կոծկելու փորձերի մեջ»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է պատժել մեղավորներին և փոխհատուցում տրամադրել

Ադրբեջանի նախագահը Ռուսաստանից պահանջում է պատժել «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանման մեղավորներին ու փոխհատուցում տրամադրել տուժածներին, նրանց հարազատներին:

Իլհամ Ալիևը, ում Ռուսաստանի նախագահը վերջին օրերին երկու անգամ զանգահարել է ու ներողություն խնդրել 38 մարդու կյանք խլած ավիավթարի համար, Բաքվի միջազգային օդանավակայանում զոհերի հրաժեշտի արարողությանը մասնակցելուց հետո «Ադրբեջանական հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում հույս է հայտնել, որ իրենց բոլոր պահանջները կկատարվեն:

«Առաջին հերթին ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Երկրորդ՝ պետք է ընդունի իր մեղքը։ Երրորդ՝ մեղավորները պետք է պատժվեն, պատասխանատվության ենթարկվեն, և փոխհատուցում տրվի ադրբեջանական պետությանը և տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին։ Սրանք են մեր պայմանները: Դրանցից առաջինն արդեն կատարվել է երեկ։ Հուսով եմ, որ մեր մյուս պայմանները ևս կընդունվեն», - ասել է Իլհամ Ալիևը:

Ինքնաթիռը կործանվել է «գետնից գնդակոծության պատճառով». Ալիև

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ինքնաթիռը կործանվել է «գետնից գնդակոծության պատճառով»: Նրա խոսքով՝ վերջնական վարկածը, անշուշտ, հայտնի կդառնա սև արկղերի վերծանումից հետո, սակայն նախնական վարկածները ևս հիմնված են փաստերի վրա։

«Իսկ փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը։ Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի է դարձել էլեկտրոնային պատերազմի պատճառով: Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն է եղել», - ասել է նա:

Ալիևը դժգոհել է, որ վթարին հաջորդած երեք օրերին Ռուսաստանից ոչինչ չեն լսել բացի «զառանցական վարկածներից», ապա ռուս պաշտոնյաներին մեղադրել է կատարվածը կոծկելու փորձեր անելու մեջ. - «Մեզ համար վրդովեցնող և զարմանալի պահերից մեկն այն էր, որ ռուսական պաշտոնական կառույցներն առաջ քաշեցին ինչ-որ գազի բալոնի պայթյունի վարկածներ: Այսինքն՝ դա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել հարցը, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում»:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ առաջին իսկ օրից իրենք առաջարկել են, որ միջադեպի ուսումնասիրմամբ զբաղվի միջազգային փորձագետների խումբը, սակայն Մոսկվան առաջարկել է, որ հարցը քննի Միջպետական ավիացիոն կոմիտեն, ինչից իրենք կտրականապես հրաժարվել են։

«Իսկ պատճառը պարզ է, որովհետև գաղտնիք չէ, որ այս կառույցը հիմնականում բաղկացած է ռուս պաշտոնյաներից, այդ կառույցը ղեկավարում են ՌԴ քաղաքացիներ: Հնարավոր է, որ այստեղ օբյեկտիվության գործոններն ամբողջությամբ ապահովված չլինեին», - նկատել է նա։

Կրեմլից Ալիևի մեղադրանքներին չեն արձագանքել:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այսօր հայտարարել է, որ դեպքի վայրում իրականացվել են քննչական մեծածավալ գործողություններ, Ադրբեջանի գլխավոր դատախազը մշտական կապի մեջ է Ղազախստանի, Ռուսաստանի գլխավոր դատախազների և ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի հետ, և հանրությանը պարբերաբար կտեղեկացնեն հետաքննության արդյունքների մասին:

Ադրբեջանը Ռուսաստանի քաղաքացիների համար խստացրեց երկրում գտնվելու կանոնները

Ավիավթարից չորս օր անց Ադրբեջանը ՌԴ քաղաքացիների համար խստացրեց երկրում գտնվելու կանոնները։ Ըստ նոր կարգի՝ նրանց համար Ադրբեջանում առանց վիզայի գտնվելու ժամկետը կկրճատվի մինչև տարեկան 90 օր։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG