Մատչելիության հղումներ

«Ինձ համար դա մեծագույն և աններելի մեղք է». ՔՊ-ից դեռ պահանջում են, որ Աղազարյանը մանդատը վայր դնի


Իշխող խմբակցությունում պատգամավոր Աղազարյանի թեման չի մարում։ Չնայած քրեական գործ չկա, նրա նախկին թիմակիցները շարունակում են պնդել իրենց մեղադրանքներն ու պահանջել մանդատը։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը երեկ Հանրայինի եթերում վիրավորական բառապաշարով անդրադարձավ նախկին թիմակցին՝ առաջարկելով մանդատը վայր դնել։

«Ինձ համար դա մեծագույն և աններելի մեղք է ու «Քաղաքացիական պայմանագրի» համար էլ է դա աններելի մեղք, դրա համար պարոն Աղազարյանին մենք դուրս ենք շպրտել «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից և կուսակցությունից», - ասել է Ռուբինյանը:

Տասն օր է իշխող ուժի անդամները վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ պատգամավոր Աղազարյանին մեղադրում են գաղտնի տեղեկության արտահոսքի համար, որ վնասել է պետությանը։

«Վարչապետը եկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը պատմել է բանակցությունների մասին, ակնհայտ է, չէ՞, որ պատմել է բաներ..., այնտեղ ուղիղ էլ ասվել է, որ սրանք հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ են, նա արտահոսք է կազմակերպել դրա հետ կապված», - ներկայացրել է Ռուբինյանը:

Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու խմբակցությունից հեռացրին գաղտնի տեղեկության արտահոսքի ու նաև կուսակցական, հանրային բարոյական նորմեր խախտելու հիմնավորումներով։ ՔՊ-ականների պնդումների աղբյուրը իրենց նախկին գործընկերոջ հեռախոսի բովանդակությունն էր, որ իրավապահներից իրենց էր հասել։

Մինչ այս պահը ՔՊ-ականներին ցնցած տեղեկությունները քրեական վարույթ հարուցելու հիմք չեն դարձել։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Փաշինյանի ու նրա թիմակիցների տասնօրյա աղմուկից ու իրավապահների լռությունից տպավորություն ունի, որ նախկին կուսակցին թիրախավորել են մյուսների աչքը վախեցնելու համար։

«Շատ կասկածելի է այս իրավիճակը, որովհետև սա ավելի շատ միգուցե ուղղված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամներին», - ընդգծեց իրավապաշտպանը:

Իշխանության շարքերից Հովիկ Աղազարյանին հեռացրին Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո, երբ հրաժարվեց մանդատը վայր դնել։ Նրա ճակատագրին արժանացավ իշխող թիմից Հակոբ Ասլանյանը, որ հակառակվեց կուսակիցներին ու բռնեց արդարության ճանապարհը: Նա սառեցրեց անդամակցությունը ՔՊ-ին, սակայն մի քանի ժամ անց նահանջեց, թե սխալ ու էմոցիոնալ էր իր որոշումը, բայց արդեն ուշ էր։ Նրան էլ հեռացրին Աղազարյանին սատարելու համար։ Ռուբինյանն առաջարկում է, որ Ասլանյանն էլ մանդատը վայր դնի։

Գլխավոր դատախազությունը երկուշաբթի Հովիկ Աղազարյանի վերաբերյալ հրապարակումները ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե ուսումնասիրելու։ Քրեական գործ հարուցվե՞լ է։ Ի վերջո ճի՞շտ են իշխանականների պնդումները, Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ չորս օր անց էլ նյութերը դեռ իրենց չեն հասել։

Զարգացում չկա նաև Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումից, որ պահանջում է Գլխավոր դատախազությունը վարույթ հարուցի ու պարզի փաստաբանի ձևակերպմամբ՝ հանցագործությունը, որ խախտվել են օրենքներն ու պատգամավորի հեռախոսի անձնական բովանդակությունը հասանելի է դարձել ՔՊ-ականներին։

Չնայած պատգամավորի դեմ դեռ քրեական գործ չկա ու նրա մեղքը չի ապացուցվել, վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովում պնդում էր, թե այդ տեղեկություններն իր սեղանին օրինական ճանապարհով են հասել։ Ազգային ժողովում դեռ ութ օր առաջ էր Փաշինյանը հայտարարում, որ բարոյական ու այլ լծակներ պետք է գտնել Աղազարյանին մանդատից զրկելու համար։

XS
SM
MD
LG