Մատչելիության հղումներ

Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնելու որոշում դեռ չունի


«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը շարունակում է դիմադրել՝ մանդատը վայր դնելու որոշում դեռ չունի։

Հինգ օր է անցել վարչապետ Փաշինյանի հրապարակային խոստովանությունից, թե խնդրել է կուսակից Հովիկ Աղազարյանին մանդատը վայր դնել։ Բայց ոչինչ չի փոխվել. իշխանական պատգամավորը աշխատանքի է գնում, նիստերին մասնակցում։ Ամեն օր Ազգային ժողովում է։

Նա երեկ ասել էր, թե Մոսկվայից ժամանող ընկերոջ հետ պետք է խորհրդակցի ու որոշի՝ ինչպես վարվել Փաշինյանի խնդրանքի հետ։ Այդ վճռորոշ հանդիպումն, ըստ Աղազարյանի, երեկ պետք է լիներ, այսօր՝ որոշումը։ Բայց դարձյալ հետաձգվել է, ոչ մի որոշակիություն չկա, իսկ Փաշինյանը խնդրանքն օդում կախված է։

«Գործընթացներ կան ու պետք է հասնեն իրենց տրամաբանական ավարտին», - լրագրողներին ասաց նա։

Հարցին, թե գործընթացները Աղազարյան-Փաշինյա՞ն հարթությունում են, խմբակցության խոհանոցո՞ւմ, թե՞ Հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղ երկու գործով հարցաքննում են պատգամավորին՝ այս պահին վկայի կարգավիճակով։ ՔՊ-ական պատգամավորը, որ լրագրողներին մերժելու սովորություն չուներ, այսօր հրաժարվեց հարցերին պատասխանել։ Քրեական գործերի ընթացքի մասին էլ չցանկացավ խոսել։

Հովիկ Աղազարյանը մինչև կուսակցության ղեկավարի հարցազրույցը հերքում էր, որ իրեն ու իր թիմակից Նարեկ Զեյնալյանին Փաշինյանը հորդորել է հեռանալ խորհրդարանից։ Հետո Փաշինյանն իր հարցազրույցում հերքեց թիմակիցներին ու հայտարարեց, որ ինքն էլ դիմել է։

Անկախ հանգուցալուծումից Փաշինյանի միջամտությունը հակասահմանադրական է համարում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Նա նշեց՝ պատգամավորը պետք է առաջնորդվի Սահմանադրությամբ, ոչ թե պետության ղեկավարի խնդրանքով։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ավելի վաղ նշել էր, որ քաղաքական թիմում կա քաղաքական պատասխանատվության էլեմենտ, և դա պետք է տարբերել իրավական պատասխանատվությունից։

Մանրամասները՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.

Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնելու որոշում դեռ չունի
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00
Ուղիղ հղում

XS
SM
MD
LG