Մատչելիության հղումներ

Երևանը COP29-ին մասնակցելու վերջնական որոշում չունի. Ալիևն արձագանքում է՝ «մասնակցել -չմասնակցելը Հայաստանի որոշումն է»


Պաշտոնական Երևանը դեռ վերջնական որոշում չունի՝ մասնակցե՞լ Բաքվում այսօրվանից մեկնարկած Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի վեհաժողովին, թե՝ ոչ, և ի՞նչ մակարդակով։ Հայաստանի որոշումը կախված է լինելու մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ քննարկումներից, «Ազատության»-ն ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ գնալ, և՛ չգնալ», - ասաց փոխարտգործնախարարը։

Բաքվում պաշտոնական տվյալներով 23 հայ գերի է պահվում, այդ թվում՝ Արցախի 8 նախկին ղեկավարները։

«Ազատության» դիտարկմանը՝ և՛ խաղաղության պայմանագրի, և՛ գերիների վերադարձի հարցը խնդիրների մի՞ խումբ է, Կոստանյանն արձագանքեց․ - «Այո»։

Հարցին էլ՝ Բաքվի հետ կա՞ն քննարկումներ հենց COP-ի համատեքստում այս պահին ընթացող, որից ելնելով էլ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշում կկայացնի, փոխարտգործնախարարը պատասխանեց. - «Ընդհանուր բանակցային դինամիկայից պետք է դատել, բնականաբար, կան խողովակներ որոնցով ընթանում են շփումներ, այդ թվում՝ նաև 11-րդ ադրբեջանական նախագիծը, խմբագրումը ստացանք, և դիտարկում ենք»:

Խաղաղության պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրումն անցած շաբաթ ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, թե մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված: Թե ինչ կետեր են դրանք, Հայաստանի արտգործնախարարությունը չի բացահայտում։

Բաքվից հնչած ոչ պաշտոնական պնդումներին, թե այդ կետերից մեկը վերաբերում հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի ետ կանչմանը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ոչ հաստատում և ոչ էլ հերքում է։

COP -ին ընդառաջ սակայն, Բաքվից լավատեսական հայտարարություններ են հնչում։ Նախօրեին, Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում, Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի շուրջ վերջնական համաձայնությանը և որ բանակցությունները կշարունակվեն COP-ի ավարտից հետո։

«Ազատություն» հարցին՝ կա՞ որոշակի փոփոխություն այդ չհամաձայնեցված կետերի շուրջ, Կոստանյանը պատասխանեց. - «Դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի տեսակետները տարբերվում են: Բայց մենք տեսնում ենք հնարավորություն այդ տեսակետները մոտարկելու»:

Չնայած Ալիևը մի կողմից խոսում է, թե մոտ են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մյուս կողմից սպառնում է Հայաստանին, անվանելով թշնամի։ Ինչպե՞ս է Հայաստանի արտգործնախարարությունը գնահատում այս հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետությունը շարունակում է շահագրգռված լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում և կարծում ենք՝ դրական հաղորդագրություններն են, որոնք օգնում են այս գործընթացին, ինչպես նաև երկու պետությունների հանրությունների նախապատրաստումը», - պատասխանեց Վահան Կոստանյանը:

COP-ին ընդառաջ արևմտյան տարբեր երկրների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ կոչ են արել բոյկոտել Բաքվում անցկացվող համաժողովը՝ պահանջելով Ադրբեջանի իշխանություններից նաև անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Պաշտոնական Երևանը մինչդեռ համաժողովից առաջ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով հայտարարություն չի արել։

«Որ պահին կգնահատենք, որ մեր կողմից պաշտոնական հայտարարությունն է պակասում այդ հարցը լուծելու համար, րոպե առաջ այդ հայտարարությունը կանենք», - վարչապետ Փաշինյանն այսպես էր արձագանքել խորհրդարանում իրեն ուղղված հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը COP-ին ընդառաջ գերիներին ազատ արձակելու հայտարարությամբ հանդես չի գալիս։

Փաշինյանը պնդել էր՝ հայտարարություններ անելու փոխարեն իրենք գնահատում են, թե որ գործողությունն ավելի արդյունավետ կլինի տվյալ իրավիճակում, հակառակ պարագայում հայտարարությունը կարող է անհնար դարձնել գերիների վերադրաձը. - «Կարող է մենք պաշտոնական հայտարարություն անենք, դա հեշտացնի նրանց վերադարձի գործը, կարող է պաշտոնական հայտարարություն անեն և դա ընդհանրապես փակի վերադարձի բոլոր հեռանկարները»:

Բաքվում այսօր մեկնարկած COP 29 -ի համաժողովը տևելու է մինչև նոյեմբերի 22-ը՝տասն օր։ Թե ո՞ր փուլում և ի՞նչ պայմաններով Երևանը կորոշի մասնակցել կամ չմասնակցել այդ միջոցառմանը, հայտնի կդառնա առաջիկա օրերին։

Բաքուն իր հրավերն ուղարկել է, իսկ մասնակցել -չմասնակցելը Հայաստանի որոշումն է, այսօր հայտարարել է միջոցառումը հյուրընկալող նախագահ Իլհամ Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG