Հայ-իրանական գործակցությունը դարավոր բարեկամության մասին է, ապագան ևս հստակ է, Կապանում նախօրեին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա շեշտել է՝ որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա, հաղորդում է Հանրային ՀԸ-ը։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը՝ Մեհդի Սոբհանին ասել է՝ Թեհրանը դեմ է ցանկացած բանի։
«Մենք չենք ցանկանում այդ բառն օգտագործել: Համաձայն ենք հաղորդակցությունների բացմանն այն դեպքում, երբ դա տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա: Բացի այդ, մենք դեմ ենք ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն: Մենք դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է նա։
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ Երևանն ու Բաքուն բանակցում են արդեն չորս տարի, բայց՝ անարդյունք: Հայկական կողմը դեմ է միջանցքային տրամաբանությանը, իսկ Ադրբեջանն այս տարիներին, կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը, առանց ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Հենց այս տարաձայնությունների պատճառով էլ հարցը օգոստոսին կողմերը փոխադարձ համաձայնությամբ հանեցին խաղաղության պայմանագրից:
«Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի ժամանակ դեսպանն ընդգծել է՝ Թեհրանը ողջունում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, սակայն կարծում է, որ ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի տվյալ երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու վերահսկողության ներքո:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի սահմանը բարեկամության սահման է: