Մատչելիության հղումներ

COP29-ի ադրբեջանցի գործադիր տնօրենը փակ դռների ետևում Ադրբեջանի նավթահորերն է գովազդում


Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովի բարձրաստիճան պաշտոնյան իր դիրքն օգտագործում է հանածո վառելիքի ոլորտում նոր գործարքներ քննարկելու համար։ Այս մասին են վկայում BBC-ի ձեռքի տակ հայտնված գաղտնի նկարահանված տեսանյութերը:

Global Witness իրավապաշտպան կազմակերպության տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է COP29-ի ադրբեջանական թիմի գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը, խախտելով ստանձնած պարտավորությունները, որպես պոտենցիալ ներդրող ներկայացող անձի հետ քննարկում ադրբեջանական նավթագազային պետական ընկերությունում «ներդրումների հնարավորությունները»: «Մենք գազի բազմաթիվ հանքավայրեր ունենք, որոնք պետք է մշակվեն», - հեռավար հանդիպման ընթացքում ասում է ադրբեջանցի պաշտոնյան։

Կլիմայի շուրջ բանակցությունների համար պատասխանատու ՄԱԿ-ի գերատեսչության նախկին ղեկավար Քրիստիանա Ֆիգերեսը BBC-ի հետ զրույցում Սուլթանովի գործողությունները «միանգամայն անընդունելի» է որակել և պնդել, որ նման մոտեցումը «դավաճանություն» է COP գործընթացի նկատմամբ:

COP29-ի գործադիր տնօրեն Սոլթանովն Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարն է, համատեղությամբ նաև՝ SOCAR պետական նավթային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Նրա գլխավորած թիմը չի մեկնաբանել սկանդալը:

ԱՄՆ կառավարության տվյալներով` նավթն ու գազը կազմում են Ադրբեջանի ընդհանուր տնտեսության մոտ կեսը, արտահանման ավելի քան 90 տոկոսը։ Չնայած այդ հանգամանքին՝ կլիմային սպառնացող վտանգները, բնապահպանական լուծումները որոշվել է քննարկել հենց Բաքվում։

Global Witness-ը մեկն է այն իրավապաշտպան կառույցներից, որ ամիսներ շարունակ քննադատում են COP-ը հյուրընկալող երկրի ընտրությունը, բազմաթիվ փաստեր հակադրելով պնդել, որ Ալիևի վարչակազմը ոչ միայն սեփական բնապահպանական խնդիրներն է արհամարհում, այլև ծրագրում է եռապատկել գազի արդյունահանումը հաջորդ տասնամյակում, ինչը հակասում է բնապահպանական օրակարգին. մասնավորապես, նախորդ՝ COP28 համաժողովի շրջանակային կոնվենցիայում խոսվում է հանածո վառելիքից աստիճանաբար հրաժարվելու, վերականգնվող էներգիայի անցնելու և մինչև 2050 թվականը ածխածնի չեզոքության հասնելու մասին։

Գրինվոշինգի մասին Ադրբեջանին ուղղված մեղադրանքները, նաև պնդումները, որ Ալիևի կառավարությունն անկեղծ չէ հանածո վառելիքի պահանջարկի կրճատման, մաքուր էներգիայի անցման իր խոստումներում, Լոնդոնում և Վաշինգտոնում գործող կազմակերպությունը որոշել է սեփական հետաքննությամբ փաստել:

Իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչը COP29-ի ադրբեջանական թիմին է ներկայացել որպես էներգետիկ ոլորտում մասնագիտացած հոնկոնգյան ներդրումային ընկերության ղեկավար, որն իբր հետաքրքրված է ադրբեջանական հանածո վառելիքի ոլորտում ներդրումներով: Ի պատասխան` Սոլթանովն ասել է, որ Բաքուն բաց է ինչպես նավթի, այնպես էլ գազի ոլորտում նոր գործարքների քննարկման համար։

Թեև նրա ներկայիս առաքելությունը COP-ի շրջանակում խստիվ արգելում է մասնավոր շահ հետապնդող բիզնես գործարքներ քննարկել, ադրբեջանցի պաշտոնյան, այդուհանդերձ, ինչպես փաստում է Global Witness-ի տեսագրությունը, խոսել է այնպես, ինչպես կխոսեր SOCAR-ի ներկայացուցիչը՝ մանրամասներ է պատմել գազի արդյունահանման ծավալները մեծացնելու ուղղությամբ Ադրբեջանի պլաններից, խոսել ադրբեջանական հանածո վառելիքի ոլորտի գրավչությունից։

Ո'չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ այդ երկրին Կլիմայի հարցերով համաժողով վստահած ՄԱԿ-ը որևէ կերպ չեն մեկնաբանել սկանդալն ու մեղադրանքները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG