Մատչելիության հղումներ

Ադրբեջանը փորձել է կեղծ օգտահաշիվներով դրական ներկայացնել COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը. WP


Ամերիկյան The Washington Post պարբերականը պնդում է, որ Ադրբեջանի կառավարությունը կեղծ օգտահաշիվների միջոցով սոցիալական ցանցերում փորձել է դրական լույսի ներքո ներկայացնել COP29-ը Բաքվում անցկացնելու վիճահարույց որոշումը։ Լրատվամիջոցը, վկայակոչելով հատուկ ուսումնասիրության արդյունքները, նշել է, որ Ալիևի վարչակազմի այդ արշավում ներգրավված են եղել առնվազն 1800 կեղծ հաշիվներ X սոցիալական հարթակում։

Թերթը գրում է, որ ադրբեջանական բոտերի բանակը ակտիվորեն տարածում էր ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունները, թե իբր Ադրբեջանը, լինելով նավթ արդյունահանող երկիր, միաժամանակ խթանում է կանաչ էներգիայի արտադրությունը։

«Բացի բնապահպանական գրառումներից, բոտերը նաև հակահայկական գրառումներ են տարածել»,- փաստում է ամերիկյան պարբերականը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը մի երկիր է, որն անցյալ տարվա սեպտեմբերին հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա, տեղահանել էթնիկ հայ բնակչությանը և լուծարել Լեռնային Ղարաբաղի իրավական, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտները։

«Առնվազն 23 հայտնի հայ քաղաքական գործիչներ դեռևս գտնվում են Ադրբեջանի բանտերում։ Ըստ վերլուծության՝ բոտերը տարածում են գրառումներ, որոնք նսեմացնում են այդ բանտարկյալներին՝ օգտագործելով #CriminalsNotHostages հեշթեգը»,- նշում է The Washington Post պարբերականը:

Պաշտոնական Բաքուն այս պնդումները որակել է «կեղտոտ քարոզարշավ ընդդեմ Ադրբեջանի»։

«Հատկապես COP29 -ի նախօրեին The Washington Post-ն ու Կոնգրեսի որոշ պաշտոնական անձինք կեղտոտ քարոզչական արշավ են իրականացնում Ադրբեջանի դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

XS
SM
MD
LG