Մատչելիության հղումներ

9 ընդդիմադիր ակտիվիստ՝ ճաղերից այն կողմ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Երեկոյան մեր պատգամավորները գրեթե կազմ-պատրաստ բոլորը սպասում են, որ ո՞ր ոստիկանատուն պետք է գնան էլի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար», - հայտարարում է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ոստիկանությունը երեկ ու այսօր 9 ընդդիմադիր ակտիվիստի է ձերբակալել։ Քննչական կոմիտեն հիմա պարզում է՝ արդյո՞ք վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները պահել են զենք-զինամթերք կամ կատարել այլ հանցագործություն։ Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը դեռ չի մանրամասնում՝ խուզարկությունների արդյունքում նրանց մոտ արգելված իրեր հայտնաբերվե՞լ են։

«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածով վարույթ իրականացնող մարմինների կողմից քրեական վարույթներ են նախաձեռնվել այդ հատկանիշներով», - «Ազատությանը» ասաց Աբրահամյանը:

Գեղամ Մանուկյանը երեկվանից ոստիկանական բաժիններում է: Պնդում է, որ ձերբակալվածների մեքենաներից առայժմ միայն թռուցիկներ են գտել՝ տարբեր պաշտոնյաների պատկերներով։ Վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմնակիցները դրանք փակցնում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

«Երկու աղջիկ են եղել, որոնց ոստիկանատնից ազատ են արձակել, երկուսին ձերբակալել են: Հաջորդ օրը արդեն ուշ ժամին մեքենայի խուզարկությունն ավարտվել է՝ ո՛չ զենք կա, ո՛չ զինամթերք, բայց հայտնաբերել են թռուցիկներ, որի համար մեղադրանք չեն կարող առաջադրել, որովհետև քրեորեն որևէ պատժելի արարք չեն կատարել», - ասաց դաշնակցական պատգամավորը:

Գալստանյանին սատարող տելեգրամյան ալիքների լուսանկարներից դատելով՝ թռուցիկները քննադատական, երբեմն նաև վիրավորական բովանդակություն ունեն, պատկերում են, օրինակ, ԱԺ նախագահին, վարչապետի տիկնոջը, գլխավոր դատախազին։ Մանուկյանի խոսքով՝ դրանցով քրեական հետապնդում չեն կարող հարուցել, և նրանց ազատ արձակելու փոխարեն քննիչները որոշել են մինչև վերջ, օրենքով սահմանված վերջնաժամկետը՝ 72 ժամը պահել անազատության մեջ։

«Այսօր առավոտյան երբ որ այցելեցի, պարզվեց՝ Էրեբունու երեք քաղաքացիների, որի մեջ, ի դեպ, անօրինական զենք-զինամթերքի կասկածանքով ձերբակալված է Հարվարդի համալսարանի շրջանավարտ, հանրային տարբեր շրջանակներում շատ հայտնի Հովհաննես Ավետիսյանը», - պատմեց Գեղամ Մանուկյանը:

Քննչականն, իր հերթին, չի մանրամասնում՝ արդյո՞ք ակտիվիստներին անազատության մեջ պահելու պատճառներից մեկն էլ այդ թռուցիկներն են։ Մինչ խոսնակ Գոռ Աբրահամյանն ասում է՝ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, ընդդիմադիր պատգամավորը հակադարձում է՝ իրավապահ համակարգը փորձում է պահել վախի մթնոլորտը:

«Ասում է՝ «գող, սիրտը դող», ժողովրդական խոսք է, իրականում ամեն քայլափոխի իրավապահ համակարգը շարունակում է նույն վախի մթնոլորտ տարածել, նույն բռնություններ, շատ զայրացած է, որ քաղաքում ինչ-որ պաստառներ են փակցվում տարբեր պաշտոնյաների նկարներով՝ մոռանալով, թե այսօրվա քաղաքական մեծամասնությունը 18 թվականին ինչպիսի քաղաքական պայքար էր մղում», - նշեց Մանուկյանը:

Քաղաքացիները ձերբակալվել են ահազանգերի հետքերով, թե ակտիվիստների մոտ զենք կա, բայց թե ով կամ ովքեր են դիմել ոստիկանությանը, Ներքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում՝ օրենքով դա գաղտնի տվյալ է։ Մանուկյանը սա մտահոգիչ է համարում ու պատմում, որ անցած կես տարում տեղի ունեցած բողոքի ակցիաների տասնյակ մասնակիցների ավտոմեքենաներ Քննչականն արգելանքի տակ է պահում. - «Մեքենաները ևս դարձել են այսօր Հայաստանում քաղբանտարկյալ»:

Իրավապահ կառույցից հակադարձում են՝ գողության հոդվածով քրեական գործեր կան, որոնց շրջանակում էլ այդ մեքենաներն արգելանքի տակ են, և ապացուցողական ու այլ գործողություններից հետո դրանք կվերադարձվեն տերերին։ Այդ ակտիվիստներին, սակայն, գողության մեղադրանք առաջադրված չէ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG