Երևանում ոստիկանությանը հասանելի՝ տեսահսկման 24-ժամյա համակարգեր տեղադրելու Հայաստանի կառավարության օրինագիծը հիմնավորված չէ և խոչընդոտում է անձնական կյանքի և այլ իրավունքներին, այսօր հայտարարել է Human Rights Watch-ը։
Օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց անցած հունիսին, Երևանի մասնավոր ընկերություններից պահանջում է շինությունների մուտքերին և տարբեր կողմերում տեսախցիկներ տեղադրել՝ ոստիկանությանը տրամադրելով ուղիղ եթերի և ձայնագրությունների հասանելիություն՝ ըստ պահանջի:
«Համատարած տեսահսկումն անխուսափելիորեն կխախտի անձնական գաղտնիության իրավունքը», - հայտարարել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան, հավելելով՝ ժողովրդավարական պայմաններում այդ միջոցի կիրառումը չի կարող արդարացվել հասարակական անվտանգությունը բարելավելու պատճառաբանությամբ. - «Հասարակական տարածքներում զանգվածային հսկողությունն անցանկալի հետևանքներ կունենա հիմնարար իրավունքների վրա»:
«Այս համակարգերը հավաքում են անձնական տվյալներ, որոնք վերաբերում են մարդկանց ինքնությանը, տեղաշարժին, այլ մարդկանց հետ շփումներին, ուստի այս հարցում պետք է հստակ սահմանափակումներ լինեն՝ անձնական ու այլ իրավունքները պաշտպանելու համար», - ընդգծում է Human Rights Watch-ը՝ փաստելով, որ այս հարցի շուրջ հստակ գնահատականներ են տվել միջազգային մի շարք կառույցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, Ստրասբուրգի դատարանն ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։
Ավելի վաղ նաև Հայաստանի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն էր քննադատել նախագիծը, ինչպես նաև Արդարադատության նախարարությունը, Օմբուդսմենի գրասենյակն ու Կենտրոնական բանկը:
«Այդուամենայնիվ, Կառավարությունն անտեսեց այս քննադատությունները և ուղարկեց օրինագիծը խորհրդարան», - փաստում է Նյու Յորքում գործող միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Human Rights Watch-ը նշում է, որ երկու ամիս առաջ՝ անցած օգոստոսին, պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խնդրելով բացատրություններ վիճահարույց օրինագծի վերաբերյալ։ Մինչ օրս, սակայն, Հայաստանի կառավարությունն այդ նամակին որևէ կերպ չի արձագանքել։
Մինչ այդ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է՝ օրինագծի քննարկումների ժամանակ պաշտոնյաները չէին բացառել, որ տեսանյութերի վերլուծությունը կարող է կատարվել արհեստական բանականության օգնությամբ, ինչն, ըստ Human Rights Watch-ի, է'լ ավելի է մեծացնում վտանգները։
«Երբ դեմքը ճանաչող տեխնոլոգիաները կիրառվում են մեծաթիվ մարդկանց դեպքում, անճշտության նույնիսկ փոքր ցուցանիշը կարող է հանգեցնել հարյուրավոր մարդկանց սխալ նույնականացման», - ավելի վաղ հայտարարել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը։
Human Rights Watch-ն, իր հերթին, շեշտում է, որ «հասարակական վայրերում դեմքը ճանաչող կամ արհեստական բանականության այլ տեխնոլոգիաների գոյությունն իսկ կարող է բացասաբար ազդել հիմնարար իրավունքների՝ հանրահավաքների, խոսքի ազատության ու մարդու սեփականության իրավունքի վրա»։
«Ակնհայտ է, որ առաջարկվող օրենքը հակասում է Հայաստանի միջազգային պարտավորություններին։ Կառավարությունը պետք է չեղարկի օրենսդրական նախաձեռնությունը կամ առնվազն դադարեցնի դրա ընդունումը, քանի դեռ չեն փարատվել հայաստանյան և միջազգային դերակատարների մտահոգությունները», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան՝ ընդգծելով, որ փաստաթղթի ուղարկումը Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողով կլինի առաջին քայլն այդ ուղղությամբ։
Օրենքի նախագիծը Կառավարության կայքում հրապարակվել էր 2022-ի դեկտեմբերին, 2024-ի ապրիլից մտել շրջանառության մեջ։ Ակնկալվում է, որ խորհրդարանն այն վերջնական քննարկման պետք է դնի մինչև այս տարեվերջ: