Երեք օր է անցել Սյունիքի մարզի Տեղ գյուղի ղեկավար Դավիթ Ղուլունցի ձերբակալությունից, բայց Ներքին գործերի նախարարությունն այդպես էլ չի մեկնաբանում՝ ինչ էին պահանջում ոստիկանները, որ Ղուլունցը չէր ենթարկվել ու նրան բաժին էին տարել։ Ոստիկանությունը միայն հաղորդեց, որ գյուղապետը չի ենթարկվել ոստիկանների պահանջին ու այդ պատճառով էլ նրան ձերբակալել են, ավելի ուշ ազատ արձակել։
«Առանց հողի կարգը փոխելու, առանց ավագանու հաստատելու, որոշել է, որ պետք է շինություն անի ու սկսել է անել», - ասաց Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը:
Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամն «Ազատության»-ը փոխանցեց, թե համայնքապետը գյուղում անօրինական շինարարություն է սկսել։ Ոստիկանները մոտեցել են ու հրահանգել դադարեցնի, համայնքապետն էլ հակառակվել է։
«Ոստիկանությունը շրջայցի ընթացքում նկատել է այդ տարածքը, մոտիկացել, որ դադարեցնեն, չի դադարեցրել, իրեն լավ չի պահել, հետո ինքը զանգել է ոստիկանություն, բողոքել, թե իբր բռնի ուժ են կիրառել իր հանդեպ, տենց բաներ եմ լսել ես, ձեռնաշղթան հագցրել, տարել են, ճիշտ էլ արել են», - ներկայացրեց Զեյնալյանը:
Մասիսի Զեյնալյանն ասաց՝ այդ տարածքում Դավիթ Ղուլունցն իր հերթական բիզնեսն է կառուցում՝ բետոնի արտադրամաս։ Շինաշխատանքները սկսել է, մինչդեռ դրա իրավունքը չուներ։ Նախ ավագանու նիստով այս հողի կարգավիճակը գյուղատնտեսականից պետք է փոխվեր արտադրական նշանակության, որից հետո աճուրդ հայտարարվեր։
«Եթե ավագանին նախ հողի կարգը չի փոխել, նշանակում է, որ ապօրինի է արել», - ասաց համայնքի ավագանու ընդդիմադիր անդամը:
Իշխանական կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցը մի քանի օր է՝ չի պատասխանում հեռախոսազանգերին և չի արձագանքում ընդդիմադիր Զեյնալյանի մեկնաբանություններին։ Ղուլունցի տեղակալ Արամ Միրզոյանը, որ նույնպես «Քաղաքացիական պայմանագրից» է, չցանկացավ անդրադառնալ այս թեմային։
«Եթե խոսում եք պարոն Մասիս Զեյնալյանի մասին կամ համայնքի ղեկավարի մասին, կարաք համայնքի ղեկավարից ճշտեք», - նշեց Արամ Միրզոյանը:
Իսկ որպես համայնքապետի տեղակալ հետաքրքրվե՞լ է գյուղին մոտ մեկուկես հեկտարից ավելի հողատարածքում հողատարածքում շինարարությունն օրինակա՞ն է, թե՞ ապօրինի։ Ինչո՞ւ են ոստիկանները հանձնարարել դադարեցնել։
«Էդ հարցի բառերի տեղը փոխելուց, քերականական բանը փոխելուց, էական իմ պատասխանը չի փոխվում, ես էնպիսի պատասխան եմ տալիս, որ վերջնական է», - արձագանքեց նա:
Վերջերս էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էր քննում Տեղի համայնքապետի գործունեությունը։ Երկու ամիս առաջ հանձնաժողովը տուգանեց Դավիթ Ղուլունցին 300 հազար դրամով։ Նա համայնքի կարիքների համար պայմանագրեր էր կնքել իր հետ փոխկապակցված անձանց՝ իր եղբոր ու մորեղբոր կազմակերպությունների հետ։