«Ազատության» տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։
«Բալասանյան» դաշինքն ավելի ուշ հայտարարություն կտարածի, իսկ Ընտրատարածքային հանձնաժողով մանդատները վայր դնելու արձանագրություն դեռ չեն ներկայացրել։
Օրեր առաջ «Ազատություն»-ը հայտնել էր, որ երկուշաբթի «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ վայր կդնեն մանդատները։ Գյումրիի իշխող ուժը այս որոշումն ընդունել է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով։
ԱՄՆ-ում գտնվող Բալասանյանին ձերբակալելու որոշում կա։ Իսկ նրա որդին ձերբակալվել, ապա 70 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքի տակ է։
Ավագանու մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որ Գյումրիում ընդդիմություն է, արդեն հայտարարել է, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների ու նույնիսկ համայնքապետի թեկնածու ունի։ Միևնույն ժամանակ հերքում են պնդումները, թե ճնշումներով են հեռացնում «Բալասանյան» դաշինքին, որպեսզի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ևս իշխանություն հաստատեն։
Մանրամասները տե՛ս այստեղ