Մատչելիության հղումներ

«Գյումրիում պատրաստ ենք գնալ նոր ընտրությունների». Ալեն Սիմոնյան


Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանից հետո վարչապետ Փաշինյանը խորհրդարանի խոսնակի աշխատասենյակում վարչության նիստ է հրավիրել թիմակիցների հետ։ Հրատապ նիստի օրակարգում Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցն է եղել։

Երեկ «Ազատություն»-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել էր, որ Գյումրիի ավագանու իշխանական «Բալասանյան» դաշինքը՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մանդատները վայր է դնելու՝ հրաժարվելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի կառավարումից։ Պատճառների մասին «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները հրաժարվել են խոսել, համայնքի ղեկավարն էլ չի խոսել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ իշխող ուժը Գյումրիում, ըստ էության, արտահերթ ընտրությունների է պատրաստվում, ավելին՝ արդեն քաղաքապետի թեկնածու ունեն։ Եթե «Բալասանյան» դաշինքը որոշի մանդատները վայր դնել, ու գործող կազմից ոչ մեկը քաղաքապետ չընտրվի, ավագանու նոր ընտրություններ կլինեն։

«Մենք պատրաստվում ենք հնարավոր բոլոր տարբերակներին, բայց եթե դրա կարիքը լինի, նաև պատրաստ ենք գնալ նոր ընտրությունների, որպեսզի գյումրեցին որոշի իր քաղաքի ճակատագիրը։ Դա հավանաբար կլինի հաջորդ տարվա կեսին», - ասաց Սիմոնյանը, հավելելով՝ երեկ հստակեցրել են նաև՝ ով է իրենց թեկնածուն. - «Այո, ունենք թեկնածու։ Դեռ չեմ ասի՝ ով է։ Որոշված է թեկնածուն։ Գյումրեցի է։ Չեմ կարող ասել՝ մեր պատգամավորներից է, թե՝ ոչ։ Մոտ ժամանակներս կիմանաք, դեռ շատ ժամանակ կա։ Դեռ ժամանակ կա՝ տեսնենք ինչ է տեղի ունենալու, ու ավագանին ինչ քայլեր է անելու»։

Այս զարգացումները հաջորդում են անցած շաբաթ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու, Գյումրիի գործող ու նախկին փոխքաղաքապետերի ու ևս մեկ մերձավորի նկատմամբ հարուցված վարույթին։ Իրավապահները պնդում են, որ պատմական Սև բերդի հարակից հողերը հայր Բալասանյանի ղեկավարման տարիներին կեղծիքներով օտարվել են, որպեսզի ի վերջո դառնան կրտսեր Բալասանյանի սեփականությունը։

Վարույթն ու դրան հաջորդած այս զարգացումները, իշխող ուժի նախընտրական տրամադրությունները արդյոք չե՞ն նշանակում, որ այնտեղ, որտեղ իշխանություն չունեն, բոլոր լծակներով, ճնշումներով փորձում են իրենց իշխանությունը հաստատել. այս հարցին Ալեն Սիմոնյանն արձագանքեց. - «Որևիցե քրեական գործի նկատմամբ որևիցե մեկնաբանություն չեմ ուզում անեմ։ Կոալիցիան, որ կար, փաստացի քանդվեց։ Մենք չենք, որ մանդատները վայր ենք դնում։ Մնացած պարագայում մենք կարող էինք մեր ավագանու մեջից մարդ ընտրեինք ու ժամանակավոր պաշտոնակատար նշանակեինք, որ կարող էր տարի և ավել մնար այդ պաշտոնին, բայց չէ»։

«Կրկնում եմ, եթե նման բան տեղի ունենա՝ մանդատները վայր դնեն, մենք նորից ընտրությունների միջոցով կհայցենք գյումրեցիների քվեն, կտան՝ կտան, չեն տա, ուրիշին կտան՝ նա կղեկավարի։ Եթե իշխող ուժը որևիցե տեղ ճնշեր, մենք հիմա բազմաթիվ բանտարկյալներ կունենայինք, հայտնի անուններ ու դատական վճիռներ, բարեբախտաբար՝ այդ բանը մնացել է անցյալում», - ընդգծեց ԱԺ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG