Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը շատ կարևոր էր առաջին հերթին համոզվելու համար, որ գործընթացը շարունակվում է, «Ազատության» հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը։
«Այսինքն՝ մենք հերթական անգամ համոզվում ենք, որ Վաշինգտոնը շարունակում է ինչ-որ կերպ, այսպես ասած, առաջ մղել այս գործընթացը։ Կտեսնենք, իհարկե, թե ինչ կստացվի այս ամենից: Ինչպես հասկացա, հույսը դեռ մնում է, որ մոտ ապագայում ինչ-որ բանի շուրջ կարող է համաձայնություն լինի և ինչ-որ հայտարարություն կարող է արվի։ Եվ այս առումով, իհարկե, ամենից շատ մտահոգություններ կան, թե ինչ կլինի, եթե դա տեղի չունենա», - ասաց փորձագետը։
Վարդանյանի համոզմամբ, պետք է առաջին պլան մղվի ներկայիս կայունության և անվտանգության հարցը։
Ադրբեջանական բանակն իր հզորությամբ և ուժով դեռ զգալիորեն գերազանցում է [հայկական բանակին], ասաց փորձագետն՝ ընդգծելով՝ ադրբեջանական զորքերը դեռ գտնվում են շատ ռազմավարական վայրերում, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։
Նշելով, որ այս ամառ այցելել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Վարդանյանն ասաց՝ ակնհայտորեն, Ադրբեջանն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունն այնտեղ։
«Նրանք լայնացնում են ճանապարհները, գոյություն ունեցող զորանոցներն են ամրացնում։ Մի տեղ, օրինակ, արդեն տեսա զինտեխնիկա։ Այսինքն՝ սա իրողություն է, որի հետ Հայաստանը ստիպված է լինելու ապրել նույնիսկ Ադրբեջանի հետ ինչ-որ հայտարարություն անելուց հետո», - ասաց փորձագետը՝ շեշտելով նաև Հայաստանի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, հայ-թուրքական բանակցությունների ուղղությամբ առաջընթացի կարևորությունը։
«Եկեք պատկերացնենք, որ կայացավ Բաքվի և Երևանի միջև այդ հայտարարությունը, և Անկարան համարեց, որ դա բավարար է, որպեսզի նրանք սկսեն իրականացնել գոնե 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սա առաջին հերթին վերաբերում է, իհարկե, սահմանի բացմանը և ինչ-որ առևտրային հարաբերությունների սկսմանը։ Բայց նույնիսկ սա մի կողմից, անշուշտ, որոշակի օգուտ է բերում, բայց մյուս կողմից ավելացնում է նաև Հայաստանի կախվածությունը Թուրքիայից, քանի որ, ասենք, այս գործընթացը իրականացնում եք մեկ, երկու, հինգ տարի, բայց եթե ապագայում ինչ-որ ապակայունացում կունենաք, ինչ-որ խնդիրներ կունենաք Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, էլի, դուք դրանով կասկածի տակ եք դնում ձեր հարաբերությունները, այդ թվում՝ Թուրքիայի հետ, և ձեր սեփական վիճակն ու ազդեցությունը ձեր սեփական տնտեսության վրա», - ասաց Վարդանյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ միակ ճանապարհը բանակցելն է։
Հարցին, թե կա՞ այնպիսի վտանգ, որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են ցանկացած պահի պարզապես փակել սահմանները և շրջափակել Հայաստանը, սա Հայաստանին կախվածության մեջ է դնո՞ւմ Ադրբեջանից և Թուրքիայից, փորձագետը պատասխանեց․ - «Սա հենց այն է, ինչ ես նշեցի»:
Անկարան բազմիցս հայտարարում է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են և հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի։
Վարդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․