Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը զինվորներ է ուղարկում Իսրայել, Թեհրանը զգուշացնում՝ կարմիր գծեր չկան


Իսրայելիցի ոստիկանները Բինյամինա քաղաքի մերձակայքում «Հեզբոլա»-ի հարվածներից հետո, 13-ը հոկտեմբերի, 2024թ․
Իսրայելիցի ոստիկանները Բինյամինա քաղաքի մերձակայքում «Հեզբոլա»-ի հարվածներից հետո, 13-ը հոկտեմբերի, 2024թ․

Իսրայելում անցած գիշեր չորս զինվոր է զոհվել, ևս յոթը` ծանր վիրավորվել, երբ «Հեզբոլա»-ն անօդաչուներով հարվածել է Թել Ավիվից 60 կմ հարավ՝ Բինյամինա քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանին: Վիրավորվել են նաև քաղաքի տասնյակ բնակիչներ, հաղորդել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։

Սա Իսրայելի դեմ ամենաարյունալի հարձակումներից մեկն էր՝ արդեն ավելի քան մեկ տարի Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմից ի վեր։

Կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորումը, ըստ որի, «անօդաչունեը հաղթահարել են իսրայելական ՀՕՊ համակարգերը և հասել թիրախներին»։

Իսրայելական բանակի խոսնակ Դանիել Հագարին փաստացի չի հերքել, որ իրենց Երկաթե գմբեթը կատարյալ չէ։

«Մենք կուսումնասիրենք տեղի ունեցածը և դասեր կքաղենք։ Անօդաչուներից բխող վտանգին բախվում ենք պատերազմի մեկնարկից ի վեր, և պետք է բարելավենք մեր պաշտպանությունը», - ասել է Հագարին։

Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ն սպառնում է շարունակել հարվածները, եթե Իսրայելը չդադարեցնի ներխուժումը Լիբանանի հարավ։

Ցամաքային այդ գրոհը սկսելիս Իսրայելի պաշտպանության նախարարությունը հավաստիացնում էր, թե «տեղային» գործողություն է միայն իրականացնելու՝ ինքնապաշտպանության նպատակով։ Մինչդեռ գետնի վրա իրավիճակը հիմա հակառակն է փաստում։ Իսրայելը բանակի չորս տարբեր ստորաբաժանում է տեղակայել սահմանամերձ գոտում, Լիբանանի տարածքի մեկ քառորդին հրահանգել տարհանվել՝ սաստկացնելով օդային ու ցամաքային հարձակումները։

Ըստ CNN-ի, անցած շաբաթներին միայն իսրայելական այդ գրոհների զոհ է դարձել հազարից ավելի լիբանանցի, մոտ ութ հազարը՝ վիրավորվել։ Երեկ վաղ առավոտյան էլ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը հայտարարեց, թե Իսրայելի երկու տանկ ներխուժել է իրենց բազա և հեռացել միայն 45 րոպե անց։

«Խաղաղապահների դեմ հարձակումը միջազգային իրավունքի խախտում է, և կարող է դիտարկվել որպես պատերազմական հանցագործություն», - զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Իսրայելից մեղադրանքը չեն ընդունում, պնդելով, թե տանկերը ստիպված են մտել խաղաղապահների բազա, քանի որ մինչ այդ հայտնվել են «Հեզբոլա»-ի թիրախում։ Միաժամանակ հայտնի է, որ միջադեպից ժամեր առաջ վարչապետ Նեթանյահուն պահանջել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից` հետ քաշել խաղաղապահներին, որպեսզի նրանք չտուժեն։

«Ժամանակն է, որ միջազգային ուժերը դուրս բերեք «Հեզբոլա»-ի հենակետերից ու հակամարտության գոտուց։ Մերժելով տարհանումը՝ դուք խաղաղապահներին գերի եք դարձնում «Հեզլոբա»-ի ձեռքում», - հայտարարել էր Իսրայելի վարչապետը։

Խաղաղապահների շարքում զինվորներ կան աշխարհի հիսուն երկրից, այդ թվում՝ Իսրայելի աջակից Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Իտալիայից։ Երեկ նաև այդ երկրների առաջնորդներն են Իսրայելի հարձակումը դատապարտել, ինչը սակայն, դաշնակից Նեթանյահուի դիրքորոշումը չի փոխել։

«Ցավում ենք միջազգային ուժերի զինվորներին վնասելու համար, և անում ենք ամեն հնարավորը, որպեսզի խուսափենք դրանից։ Սակայն, դա երաշխավորելու պարզ ու ակնհայտ ճանապարհն է պարզապես՝ դուրս բերել նրանց բախումների գոտուց», - հայտարարել է նա։

Մինչդեռ խաղաղապահների տասը հազարանոց զորախումբը 46 տարի առաջ ՄԱԿ-ից մանդատ է ստացել ոչ թե հակամարտության գոտուց դուրս գալու, այլ՝ հակառակը՝ Լիբանանի հարավից իսրայելական ուժերի դուրսբերմանը հետևելու, խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար։

Տարածաշրջանում օր օրի սրվող իրավիճակի ֆոնին Միացյալ Նահանգները երեկ հայտարարեց, թե նախագահ Բայդենի հրահանգով, արդիական ՀՕՊ համակարգ ու նաև դրանք գործարկող զինվորներ է ուղարկում Իսրայել։

«Այս քայլը ընդգծում է Նահանգների աներկբա հավատարմությունը Իսրայելի պաշտպանությանը»,- հայտարարել է Պենտագոնը, հավելելով․ - «THAAD համակարգը կօգնի ամրապնդել Իսրայելի հակաօդային պաշտպանությունն Իրանի հնարավոր նոր սպառնալիքներից»։

Իրանի արտգործնախարարն ի պատասխան հրապարակել է, թե որքան զենք-զինամթերք է Միացյալ Նահանգները տվել Իսրայելին վերջին տասնամյակների ընթացքում, զգուշացնելով՝ դա Թեհրանին ետ չի պահի իր ժողովրդին ու շահերը պաշտպանելուց։

«Ամերիկան հիմա էլ իր զինվոների կյանքն է վտանգում՝ տեղակայելով նրանց Իսրայելում՝ ամերիկյան համակարգերը գործարկելու համար։ Թեև մենք վերջին օրերին ահռելի ջանքեր ենք գործադրել մեր տարածաշրջանում լայնածավալ պատերազմը զսպելու համար, ես հստակ կարող եմ ասել, որ մեր ժողովրդին ու շահերը պաշտպանելու հարցում մենք կարմիր գծեր չունենք», - հայտարարել է Աբբաս Արաղչին։

Պենտագոնը Patriot զենիթահրթիռային համակարգեր և դրանք կիրառող ամերիկացի զինվորներ էր գործուղել Իսրայել նաև 33 տարի առաջ՝ Պարսից ծոցի պատերազմի ժամանակ։ Այդժամ, սակայն, Իսրայելը սեփական հակահրթիռային պաշտպանության համակարգը չուներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG