Մատչելիության հղումներ

Եթե Բաքուն ուզում է COP29-ը վերածել խաղաղության պայմանագրի շուրջ միջոցառման, դա ընտրության հարց է. Ալեն Սիմոնյան


Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ Ադրբեջանի ընտրությունն է՝ ստորագրել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված 16 կետերով կամ Բաքվում հաջորդ ամիս կայանալիք COP 29 միջազգային հեղինակավոր գագաթնաժողովը վերածել Ադրբեջանում պահվող հայ գերիների և խաղաղության պայմանագրի շուրջ միջոցառման։

«Մի ժամվա ընթացքում Ադրբեջանի նախագահը կարող է հայտնի կապի միջոցով կապ հաստատել և ասել՝ եկեք քննարկենք ստորագրման ձևաչափը, տեղը և հայկական կողմը կստորագրի, - նշեց Սիմոնյանը:

COP 29 - ը ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով ամենամյա գագաթնաժողովն է, որի ընթացքում քննարկվելու է շրջակա միջավայրի պաշտպանության, ջրային ռեսուրսների, կրթության, առողջապահության ոլորտին առնչվող հարցեր։ Այս տարի, Երևանի աջակցությամբ, այն կայանալու է Բաքվում՝ նոյեմբերի 11-22 -ը, որին մասնակցելու համար Բաքու են ժամանել աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ ու ներկայացուցիչներ։

«Արդյոք պետք է, որ COP 29-ի ընթացքում միջազգային գործընկերները, որոնք այցելեն Բաքու, խոսեն այս պայմանագրից, խոսեն ռազմագերիներից, որոնք գտնվում են Ադրբեջանում, խոսեն Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ուզում եմ հասկանալ՝ դա Ադրբեջանին այդքան հետաքրքի՞ր է ու պե՞տք է: Եթե իրոք Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե իրոք Ադրբեջանի ղեկավարն ուզում է խաղաղության տարածաշրջանում, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում արդեն շատ վաղուց», - ասաց ԱԺ նախագահը:

Բաքվի քայլերին, Ալեն Սիմոնյանի համոզմամբ, սպասում են նաև միջազգային գործընկերները, ովքեր հարցնում են, թե ի՞նչ եղավ խաղաղության պայմանագիրը և ինչո՞ւ այն չի կնքվում։ Խորհրդարանի խոսնակը չհստակեցրեց, թե միջազգային որ գործընկերներին նկատի ունի։

«Արդեն անհասկանալի է Ադրբեջանի դիրքորոշումը միջազգային առումով: Այո, միջազգային գործընկերների հետ ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում, իրենք էլ, անկեղծ ասած, զարմացած նայում են, ասում են՝ «լավ, հասկացանք Սահմանադրության մասը, որ մի քիչ ուռճացված է, կարո՞ղ է գիտեք ինչն է պատճառը, կարո՞ղ է ուրիշ բան կա, չեն ասել», - նշեց Սիմոնյանը:

Ադրբեջանը մերժել է համաձայենցված 16 դրույթներով խաղաղության պայմանագիրը ստորագրելու Հայաստանի առաջարկը, պնդելով, որ փաստաթուղթը չեն ստորագրի, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը։

Բաքուն խնդրահարույց է համարում մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանի առաջարկը մերժելուց հետո, անցած հինգշաբթի Նյու Յորքում կայացավ Բլինքեն- Միրզոյան- Բայրամով եռակողմ հանդիպումը, կողմերը առաջընթացի մասին չխոսեցին։ Միայն նշվեց, թե համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր՝ «Խաղաղության համաձայնագիրն ամենասեղմ ժամանակահատվածում կնքելու համար»։

Թե ինչ է լրացուցիչ ջանքերի մասին է խոսքը, Ազգային ժողովի նախագահը դժվարացավ ասել, բայց և համաձայն չէ, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը փակուղում է։

«Մենք հիմա պատրաստվում ենք առաջին միջպետական համաձայնագրի վավերացմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչի՞ է պետք դա անվանել փակուղի: Փակուղին վատ բան է, ես չեմ կարծում, որ փակուղի է, ես կարծում եմ, որ մենք բանակցելու ու խոսելու շատ տեղ ունենք», - ասաց նա:

«Ազատության» հարցին՝ բանակցային գործընթացում ո՞րն է գլխավոր խոչընդոտը, որ Ադրբեջանը հիմա մերժում է մինչև COP 29-ը ստորագրել խաղաղության պայմանագիրը, ԱԺ խոսնակը պատասխանեց. «Ամենամեծ խոչընդոտը կամքն է: Ես չեմ բացառում նաև միջազգային այլ խաղացողների ներգրավվածությունը և չեմ բացառում թե՛ դրական, թե՛ բացասական առումներով ճնշումները: Օրինակ՝ Կանադայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, Ռուսաստանի հայտարարությունը, Թուրքիայի հայտարարությունները, այդ բոլորն այդ գործընթացի վրա ազդեցություն են ունենում, ու այդ ազդեցությունը, բնական է, կարող է հետ ու առաջ տանել որոշ պրոցեսներ»:

Անցած ամիս հայտնի դարձավ, որ Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը։ Բաքվից արձագանքել էին, թե Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետեր է դուրս թողել, դա որակելով անլուրջ քայլ։

«Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին», - հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Պարզ չէ՝ արդյոք Բաքուն իր առաջարկներն արդեն ներկայացրել է Երևանին։ Կողմերն այդ մասին հրապարակավ դեռ չեն հայտարարել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG