Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ Երևանն ու Բաքուն ընդհանուր հայտարարի են եկել. Ալիև


Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն Բաքվի առաջարկած խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանի նախագահը շեշտել է՝ փաստաթղթի մոտ 80 տոկոսի շուրջ Երևանն ու Բաքուն արդեն ընդհանուր հայտարարի են եկել:

Թե որ հարցերի շուրջ են պահպանվում տարաձայնությունները Ադրբեջանի առաջնորդը իտալական Չերնոբիոյում ընթացող միջազգային համաժողովում ունեցած իր ելույթում չհստակեցրեց։

«Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանագծման, նույնիսկ սահմանազատման գործընթացին։ Այո, սա առաջին փոքր քայլն է՝ համաձայնեցվել է Հայաստանի հետ 1000 կիլոմետր սահմանի ընդամենը 13 կիլոմետրանոց հատվածը։ Այնուամենայնիվ սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է, և մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների համար Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - իտալական Չերնոբիո քաղաքում՝ միջազգային համաժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց նախագահ Ալիևը։

Ալիևը Հայաստանին մեղադրում է զավթողական քաղաքականության մեջ

Հստակ չէ՝ երբ են Երևանն ու Բաքուն մտադիր շարունակել սահմանազատման գործընթացը և արդյոք Ադրբեջանը դուրս կբերի իր զորքը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, որոնք օկուպացրել է 2021-2022 թվականներին ադրբեջանական ներխուժումների ժամանակ։ Փոխարենն այսօր Ադրբեջանի առաջնորդը միջազգային լսարանում կրկին Հայաստանին մեղադրեց զավթողական քաղաքականության մեջ, սեփական քայլերն էլ պայմանավորեց միջազգային կառույցների անգործությամբ՝ հերթական անգամ բացեիբաց հայտարարելով, որ Բաքուն իր նպատակներին հասել է ռազմական ճանապարհով։

Թվարկելով վերջին տարիների պատերազմները՝ Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակումն ու դրան հաջորդած հայերի բռնի տեղահանությունը, նախագահ Ալիևը պնդեց՝ «Ադրբեջանի ինքնիշխանությունը լիովին վերականգնված է», «հակամարտությունն ավարտվել է՝ այնպես, ինչպես պետք էր»։

Հարևան երկրի նկատմամբ այդ ռազմական հարձակումների համար որևէ պատժամիջոցի չենթարկված Ադրբեջանի առաջնորդն այլ երկրների ևս խորհուրդ տվեց հետևել Բաքվի օրինակին․ - « Եվ սա լավ օրինակ է շատ այլ երկրների համար, որոնք առանց որևէ հաջողության պայքարում են իրենց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար»:

Ալիևն Իտալիայում է աշխատանքային այցով, նա հանդիպումներ է ունեցել այդ երկրի իշխանությունների, այդ թվում՝ նախագահի, վարչապետի հետ։

Եվրամիության անդամ Իտալիան Ադրբեջանի առաջատար առևտրային գործընկերն է և ադրբեջանական նավթի խոշորագույն ներկրողը։ Երկու երկրները վերջին տարիներին սկսել են համագործակցել նաև ռազմատեխնիկական ոլորտում։ Անցած տարի Հռոմը Բաքվին է վաճառել C-27J տեսակի ռազմական օդանավեր։

Միաժամանակ Իտալիայի կառավարության ղեկավար Ջորջիա Մելոնին երեկ իր նստավայրում ընդունելով Ադրբեջանի նախագահին խաղաղության կոչեր էր հնչեցրել՝ հավաստիացնելով, որ Հռոմը աջակցում է կայուն խաղաղությանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հույսերի մասին Իտալիայում հնչող հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի զինուժը հերթական զորավարժություններն է անցկացնում Հայաստանի հետ անմիջական սահմանին։

Վարժանքներից առաջ՝ օրեր շարունակ Բաքուն հայկական կողմին մեղադրում էր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար, ինչը Երևանը հերքում էր։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին անցկացվող զորավարժությունների ընթացքին անձամբ է ներկա գտնվել նախարար Զաքիր Հասանովը և ստուգել երկրի բանակի մարտական պատրաստությունը՝ զինվորականների հանձնարարելով «զգոնությունը բարձր պահել»։

XS
SM
MD
LG