Մատչելիության հղումներ

«Կրակոցներ չենք լսել, հանգիստ է». բարձրունցիներն ու ՊՆ-ը հերքում են Բաքվի պնդումները


Բաքուն կրկին մեղադրում է Երևանին հրադադարը խախտելու մեջ, պնդելով, թե հայկական զինված ուժերը մեկ օրում երկու անգամ կրակել են Նախիջևանի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ նախ առավոտյան, ապա նաև երեկոյան հաղորդագրություն տարածեց, պնդելով, թե Հայաստանի զինված ուժերը Վայոց ձորի Բարձրունի գյուղի դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակել են Նախիջևանի ինքնավար մարզի մեջ մտնող Շահբուզի շրջանի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ի պատասխան 2 անգամ էլ հերքեց ադրբեջանական կողմի պնդումները։

«Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - նշված է հայկական ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղում էլ կրակոցներ չեն լսել։ Շուրջ 300 բնակչություն ունեցող սահմանամերձ համայնքի ղեկավար Արսեն Ալեքսանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ գյուղում որևէ անհանգստություն չկա։

«[Կրակոցներ] չենք լսել, հանգիստ է այս ուղղությամբ», - ասաց Ալեքսանյանը:

Ի դեպ, հերքելով հրադադարը խախտելու մասին Ադրբեջանի զինված ուժերի պնդումները, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը միաժամանակ հիշեցնում է Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը, ինչին մինչև օրս Ադրբեջանն այդպես էլ չի արձագանքել։

Անցած հունիսին, երբ Բաքուն կրկին մեղադրում էր Երևանին, կրկին Նախիջևանի ուղղությամբ հրադադարը խախտելու համար, իսկ հայկական կողմը դարձյալ հերքում էր, վարչապետ Փաշինյանը կրկին առաջարկեց Ադրբեջանին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։ Օրեր անց արդեն, վարչապետի աշխատակազմը դիվանագիտական խողովակներով այդ առաջարկը պաշտոնապես փոխանցեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմին: Պաշտոնական Բաքուն, սակայն, պարբերաբար մեղադրելով Հայաստանին հրադադարը խախտելու մեջ, առայսօր այդպես էլ չի արձագանքել Երևանի առաջարկին։

Եթե իրականում լարվածություն չկա սահմանին, ինչո՞ւ չեն արձագանքում եվրոպացի դիտորդները. Գեղամ Մանուկյան

«Ցավոք սրտի, այս դիվանագիտական բանակցային պրոցեսներում Ադրբեջանը ևս մեկ զենք է ստանում», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Գեղամ Մանուկյանը չի բացառում, որ հրադադարի խախտման մասին ադրբեջանական մեղադրանքների հերթական փուլը փոխկապակցված է ռուս - ադրբեջանական հարաբերությունների վերջին շրջանի ակտիվացման հետ։

«Ռուսաստանի նախագահը 2-րդ անգամ է խոսում Ալիևի հետ.... Օդի մեջ կանխատեսումներ չեմ անում, բայց բոլոր հարցերը փոխկապակցված են, այսօր արդեն հարց է ասելը, որ Ռուսաստանն ասում է՝ ես Իրանի հետ Հայաստանի սահմանի հարցով կբանակցեմ, մենք չկանք, Հայաստանը չկա, Հայաստանը բանակցությունների սեղանի վրա է, ոչ թե աթոռներից մեկն է զբաղեցրել», - ընդգծեց Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հարց է տալիս, եթե իրականում լարվածություն չկա սահմանին, բայց Բաքուն իր հայտարարություններով փորձում է նման տպավորություն ստեղծել, ինչո՞ւ չեն արձագանքում հայ-ադրբեջանական սահմանը դիտարկող եվրոպացի դիտորդները։

«Ինչո՞ւ չեն խոսում եվրոպացի դիտորդները, էն արդարացումը՝ մենք մեր զեկույցներն ուղարկում ենք Բրյուսել, այդպես չի, ի վերջո եվրոպացի դիտորդների ներկայությունը Հայաստանում իշխանությունը հիմնավորումներից մեկը, որ ներկայացնում էր, թե կբացառվի Ադրբեջանի կողմից, իբր, Հայաստանը սահմաններում լարվածություն է առաջացնում, բայց եվրոպացի դիտորդներից ձայն չկա, ցավոք սրտի: Որովհետև եվրոպացիները չեն ցանկանում որևէ մեկին նեղացնել կամ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի պետական ապարատն այնքան խորը արձակուրդի մեջ է, որ իր ձեռքում եղած գործիքները չի կիրառում», - նշեց Գեղամ Մանուկյանը:

Ի դեպ, անցած մեկ ամսվա ընթացքում Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելությունը պաշտոնապես հրադադարի խախտման որևէ դեպքի մասին չի հաղորդել։ Պաշտոնական Երևանը նույնպես դեռևս չի արձագանքել Բաքվի հերթական մեղադրանքներին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այսօր միայն տեղեկացրել է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արտերկրում Հայաստանի դեսպանների հետ այցելել է Կիրանց, որտեղից սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, բայց այդպես էլ շարունակություն չունեցավ։

XS
SM
MD
LG