Բաքուն երեկվանից երկրորդ հաղորդում է տարածում՝ հայկական կողմին այս անգամ մեղադրելով երեկ ժամը 23:50-ի սահմաններում Վարդենիսի շրջանի դիրքերից Քելբաջարի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է նաև Բաքվի այս հաղորդումը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է հայտարարությունում։
Երեկ Բաքուն մեղադրել էր Հայաստանին Նախիջևանի Ջուղայի շրջանի ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ Հայակական կողմը հերքել է այս հաղորդումը՝ հիշեցնելով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։
Այս առաջարկին հրապարակային արձագանք պաշտոնական Բաքվից առայժմ չկա: