Մատչելիության հղումներ

Ուկրաինան ստացել է ամերիկյան F-16 կործանիչների առաջին խմբաքանակը


Ուկրաինան ստացել ու արդեն ցուցադրել է ամերիկյան F-16 կործանիչների առաջին խմբաքանակը։ Օդանավերի ընդունման արարողության կադրերը երեկ՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի օրը հրապարակեց նախագահ Զելենսկին:

«Մենք մեր հավակնությունը հնարավոր դարձրինք, և այժմ դա իսկապես իրականություն է, իրականություն մեր երկնքում։ F-16 Ուկրաինայում. Մենք դա արեցինք», - ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի, Դանիայի և Նիդեռլանդների գործընկերներին մատակարարումների համար, միաժամանակ նշելով, որ F-16 ինքնաթիռների և դրանց օդաչուների թիվը դեռ բավարար չէ Ուկրաինայի զինված ուժերի համար։ Թե քանի ամերիկյան գերարդիական կործանիչ է ստացել Կիևը, Զելենսկին չի նշել։

Economist-ի տվյալներով՝ Ուկրաինան արդեն տասը F-16 ունի, մինչև տարեվերջ կստանա ևս 20-ը։ Մնացած կործանիչները կժամանեն հաջորդ տարի։ Ընդհանուր առմամբ Ուկրաինան կստանա 79 F-16 կործանիչ։

Պատերազմի մեկնարկից ի վեր Կիևը արևմտյան երկրներից խորհրդային ՄիԳ-29 կործանիչներ և Սու-25 հարվածային ինքնաթիռներ է ստացել, թեև ուկրաինական իշխանությունները ի սկզբանե արևմտյան ինքնաթիռներ էին խնդրում:

Ամերիկյան ռազմական օդանավեր Կիևին տրամադրելու որոշումը կայացվել էր անցած տարի։ Արևմտյան երկրները պատրաստել են ուկրաինացի տեխնիկներ, իսկ ԱՄՆ-ը նախատեսում է նման կործանիչների համար ժամանակակից հրթիռներ, ռումբեր և այլ տեսակի զենքեր մատակարարել։

Տարածված պաշտոնական լուսանկարներում F-16-երը զինված են կարճ և միջին հեռահարության հրթիռներով, ինչը, ըստ ռազմական փորձագետների, թույլ կտա որսալ ռուսական ռմբակոծիչներն ու թեւավոր հրթիռները: F-16-երն արդեն մասնակցել են մարտական առաջադրանքների, սա երեկ հաստատել է նախագահ Զելենսկին։

Դրանց անդրադարձել է նաև Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին. - «F-16 Ուկրաինայում. Սա նշանակում է, որ ավելի շատ օկուպանտներ կկործանվեն։ Կլինեն ավելի շատ խոցված հրթիռներ և ինքնաթիռներ, որոնցով ռուս հանցագործները հարձակվում են ուկրաինական քաղաքների վրա»:

Ու թեև ամերիկյան գերարդիական կործանիչների առաջին խմբաքանակն արդեն Ուկրաինայում է, իրավիճակը ճակատում էապես չի փոխվել, ռուսները շարունակում են դանդաղ առաջ գնալ, հատկապես Դոնեցկի մարզում, որտեղ թեժ մարտերը մի քանի ուղղությամբ չեն դադարում: Ուկրաինական կողմն է, չնայած բարդ իրավիճակին, ճակատում հայտնում է առանձին հաջողությունների մասին։ Մասնավորապես, նախօրեին Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Ռուսաստանի Ռոստովի մարզի Մորոզովսկի օդանավակայանը:

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունն այսօր հրապարակել է հարձակումների հետևանքների արբանյակային պատկերները։ Հաղորդվում է, որ Սու-34 կործանիչ-ռմբակոծիչ է ոչնչացվել։

XS
SM
MD
LG