Մատչելիության հղումներ

Սեպտեմբերին սպասվում է պայքարի երկրորդ փուլ՝ Փաշինյանին հեռացնելու օրակարգով. Բագրատ սրբազան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով սեպտեմբերին պայքարի երկրորդ փուլ է սպասվում, Շիրակի մարզում բնակիչների հետո երեկվա հանդիպումից հետո «Ազատությանն» ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը:

Գործողությունների հերթականությունից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շատ մանրամասներ չհայտնեց։ Հստակ է միայն, որ մեկնարկը կտրվի սեպտեմբերի սկզբին, բայց ոչ թե հանրահավաքով, այլ դահլիճային հանդիպմամբ: Հենց այդ ձևաչափով էլ աջակիցների հետ կքննարկեն Փաշինյանին հեռացնելու ուղիները:

«Պայքարի երկրորդ շրջանն ինչպե՞ս է լինելու, նեռը պետք է հեռանա շատ լավ ձևով», - ասաց Գալստանյանը:

Մոտ երկու ամսվա փողոցային պայքարից հետո, երբ ոստիկանությունը հունիսի 12-ին հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ, ընդդիմադիր շարժման առաջնորդը պայքարի ձևաչափը փոխեց:

Այժմ անհնազանդության ակցիաների և հանրահավաքների փոխարեն մարզային այցեր է անցկացնում, շրջում Երևանի վարչական շրջաններով: Երեկ էլ Շիրակի Սառնաղբյուր գյուղում ակցիաների վերսկսման մասին ոչինչ չասաց, միայն նշեց, թե պայքարի մեթոդները կփոխեն. հետևություն են արել իշխանության գործողություններից:

«Մենք տեսել ենք արյուն ցանկացող նեռ, իշխանություն արյուն տենչացող, արյունով հագեցող ու մենք որոշել ենք մեր մարտավարությունը և մեթոդները փոխել, փոխել այնպես, որ այդ արյունի հաճույքը ինքը չունենա», - ընդգծեց նա:

Գնահատականներին, թե շարժումը մարել է և վարչապետին պաշտոնանկ անելու հարցի շուրջ չկա համախմբում, Բագրատ սրբազանը հակադարձեց՝ համախմբումն այնքան է ընդլայնվել՝ անգամ ինքն է զարմացել: Պայքարին միացել են ոչ միայն երկրի ներսում, այլև դրսից։

«Սա հոսող պայքար է, չընդհատվող պայքար է: Ի զարմանս ինձ ինչ-որ իմաստով էլ այս ընթացքում ավելի շատ մարդ եմ տեսել այդպես կազմակերպված իմաստով, քան կարող էի երբևէ պատկերացնել», - հայտարարեց արքեպիսկոպոսը:

Իսկ շարժումն, ըստ Բագրատ սրբազանի, կմարի մի դեպքում. - «Երբ ես մեռած կլինեմ և այդ պայքարի մարդիկ մարած կլինեն»:

Շարժման առաջնորդը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը մարդկանց լայն շրջանակի ցանկությունն է, պարզապես պետք է այդ օրակարգը կյանքի կոչելու համար ճիշտ քայլերով առաջ ընթանալ:

«Գոյություն ունի աղետ և գոյություն ունի պայքար», - ասաց Գալստանյանը:

Բագրատ սրբազանի խոստացած պայքարի նոր փուլը, սակայն, իշխանությանը չի անհանգստացնում: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արփի Դավոյանն ասաց՝ այդ հայտարարություններին «լուրջ չեն վերաբերվում» և անհանգստացած չեն շարժման հնարավոր հաջողությամբ:

«Անհանգստություն ինչի՞ համար պիտի լինի, որ ինչ-որ մի անհաջող եկեղեցական թափառում է ամբողջ Հայաստանով մեկ, բոլորին փորձում է համոզել ինչ-որ բաներ՝ սուտ, կեղծիք տարածելով, հիմա ես պիտի անհանգստանամ, որ այդ մարդը հայտարարել է իր կեղծիքի երկրորդ փուլը պիտի լինի՞», - նշեց Դավոյանը:

Բագրատ սրբազանին բնակիչները երեկ դիմավորեցին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի եկեղեցում: Այս այցից առաջ էլ ընդդիմադիր շարժման առաջնորդը Գեղարքունիքի մարզում էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG