Մատչելիության հղումներ

The New York Times. «Համաս»-ի առաջնորդին սպանած ռումբը տեղադրվել էր երկու ամիս առաջ»


Կատարի մայրաքաղաք Դոհայում այսօր հողին են հանձնում երկու օր առաջ Թեհրանում սպանված «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիել Հանիյեին։ Նրա մարմինը Իրանի մայրաքաղաքից Դոհա տեղափոխվեց հինգշաբթի երեկոյան։

Հանիյեի սպանությունից հետո անորոշությունը մերձավորարևելյան տարածաշրջանում պահպանվում է։ Իրանը հայտարարում է, որ «Համաս»-ի քաղաքական առաջնորդի սպանությունն անպատասխան չի թողնի, Իսրայելը հակադարձում է, թե իր դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կոշտ արձագանքի կարժանանա։ Այս ֆոնին Վաշինգտոնում նկատում են՝ Հանիյեի սպանության հետևանքով Գազայում հրադադարի հաստատման և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները հայտնվել են տապալման եզրին։

«Ինձ դա շատ է մտահոգում։ Ես այսօր շատ անկեղծ զրույց եմ ունեցել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ և ուղիղ կերպով հասկացրել եմ նրան դա։ Նրանք պետք է շարժվեն [հրադադարի] ուղղությամբ։ Տեղի ունեցածը, սակայն, դրան չի նպաստում», - մեկնաբանելով «Համաս»-ի առաջնորդի սպանությունը՝ անցած գիշեր հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։

Ամերիկյան մամուլն այսօր նոր մանրամասներ է հաղորդում Իսմայիլ Հանիյեի սպանության մասին։

The New York Times-ի պնդմամբ՝ «Համաս»-ի առաջնորդի մահվան պատճառ դարձած ռումբը նրա թեհրանյան կեցավայրում տեղադրվել էր մահափորձից մոտ երկու ամիս առաջ։ Այս մասին ամերիկյան պարբերականին հաղորդել են միմյանցից անկախ յոթ աղբյուրներ, այդ թվում՝ երկու իրանցիներ և ամերիկացի մեկ պաշտոնյա։

«Ռումբը հեռակառավարվող է եղել և գործի է դրվել այն պահին, երբ հաստատվել է, որ Հանիյեն սենյակում է գտնվում», - տեղեկացնում է The New York Times-ը։

Թերթի պնդմամբ՝ տեղի ունեցածը ծանր հարված է իրանական անվտանգության համակարգի համար։

«Բանն այն է, որ Թեհրանի հյուսիսում գտնվող «Նեշաթ» բնակելի համալիրը պատկանում է «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսին։ Տեղի ունեցած սպանությունը փաստորեն վկայում է, որ լրջորեն վերահսկվող այդ տարածքում կարելի է ոչ միայն ռումբ տեղադրել, այլև այն շաբաթներ շարունակ չի հայտնաբերվի», - գրում է The New York Times-ը։

Այս տեղեկությունները հաստատում է նաև CNN-ը՝ վկայակոչելով Հանիյեի սպանության մանրամասներին քաջատեղյակ իսրայելական աղբյուրները։ Հեռուստաընկերության տեղեկություններով՝ ամերիկացի պաշտոնյաներին իսրայելական կողմը իրականացված գործողության մասին տեղեկացրել է միայն Հանիյեի սպանությունից հետո։

«Վաշինգտոնում վստահ են, որ իրանական կողմը պատասխան հարված կհասցնի արդեն առաջիկա օրերին»

«Ինչ վերաբերում է Իրանի հնարավոր ռազմական պատասխանին, ապա այստեղ իրադարձություններն, ըստ ամենայնի, զարգանալու են նույն սցենարով, ինչ ապրիլի 13-ի իրանական հարձակման ժամանակ», - ամերիկացի պաշտոնյաներին վկայակոչելով՝ գրում է Ахios կայքը՝ նշելով, որ միակ տարբերությունը կարող են լինել հարձակման ավելի մեծ ծավալները։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Վաշինգտոնում վստահ են, որ իրանական կողմը պատասխան հարված կհասցնի արդեն առաջիկա մի քանի օրերին։ Իսրայելական հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Իրանը այս մի հարձակման ընթացքում կարող է հեռահար հրթիռներ կիրառել։

«Չի բացառվում, որ հարձակմանը միանա նաև Լիբանանում գործող «Հեզբոլա»-ն», - գրում է Axios-ը։

Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ այս խմբավորումը Իսրայելի դեմ գործողություններն ընդլայնելու սեփական պատճառները ևս ունի։ Շաբաթասկզբին իսրայելական կողմի հարվածի հետևանքով զոհվեց «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Ֆուադ Շուքրը։ Կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալայի պնդմամբ՝ իր զինակցի սպանությունը շրջադարձային կետ է Իսրայելի դեմ պայքարում։

«Մենք բոլոր ճակատներում հակամարտության միանգամայն նոր փուլ ենք մուտք գործել։ Թե որքանով լարված կլինի այն, կախված է թշնամու պահվածքից», - հայտարարում էր «Հեզբոլա»-ի առաջնորդը՝ զգուշացնելով իսրայելցիներին, թե վերջին գործողությունները շատ թանկ են նստելու իրենց վրա։

«Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ կարմիր գծեր եք հատել, թե ինչ ծավալի ագրեսիայի և ինչ ռիսկի եք դիմել», - հայտարարում էր Նասրալան։

XS
SM
MD
LG