Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համոզմամբ՝ այս պահին շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Մերձավոր Արևելքում «Համաս»-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց է ճանաչվել։
«Ես չեմ կարող կանխատեսել, թե վերջին իրադարձությունները ինչ ազդեցություն կունենան հետագա զարգացումների վրա։ Տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ կանխատեսումներով հանդես գալ պետք չէ», - Մոնղոլիայի մայրաքաղաքում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Դրա հետ մեկտեղ Բլինքենը իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել շարունակել Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները։
«Հրադադարը բխում է բոլորի շահերից՝ իսրայելցիների, պաղետսինցիների և ողջ տարածաշրջանի», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
- Իսմայիլ Հանիեն հուլիսի 31-ին սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ նախօրեին մասնակցել է Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։
- Իրանը Հանիեի սպանության մեջ մեղադրում է Իսրայելին։
- Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մասնակցությունը սպանությանը: