Մատչելիության հղումներ

Իսրայելի առաջին արձագանքը. Նեթանյահուն պնդել է՝ պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման


Իրանում հրաժեշտ են տալիս «Համաս» խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեին
Իրանում հրաժեշտ են տալիս «Համաս» խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեին

Իսրայելի առաջին արձագանքը

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման` և՛ պաշտպանական, և՛ հարձակողական. Թեհրանում «Համաս» խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից մեկ օր անց առաջին արձագանքն է հնչում պաշտոնական Իսրայելից։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն է այսօր հայտարարել՝ ընդծելով՝ «Իսրայելը մեծ գին կպահանջի իր դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում, որտեղից էլ այն լինի»։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի քաղաքական առաջնորդը երեկ է սպանվել Թեհրանում, որտեղ նախօրեին մասնակցել էր Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։

Հանիեն հուղարկավորվելու է Դոհայում

Թեհրանում այսօր նրա հուղարկավորության արարողությունն էր, որն առաջնորդում էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, որն էլ երեկ սպառնաց վրեժխնդրությամբ։ Վաղը Հանիեն հուղարկավորվելու է Քաթարի մայրաքաղաք Դոհայում։

Սպանությունը՝ մտավախությունների պատճառ

«Համաս»-ի առաջնորդի սպանության մեջ Թեհրանը մեղադրում է Իսրայելին, որը, սակայն, պաշտոնապես ոչ հաստատել, ոչ հերքել է իր մասնակցությունը սպանությանը։ Նեթանյահուն այսօր միայն հայտնել է, որ այն բանից հետո, երբ սպանել են «Հեզբոլա»-ի ռազմական ղեկավար Մուհսանին, այսօր եկավ «Համաս»-ի ռազմական ղեկավար Մուհամմադ Դաիֆի սպանության վերջնական հաստատումը:

Ըստ Իսրայելի վարչապետի՝ նրա վերացումը հաստատում է մի պարզ սկզբունք՝ «ով ցավեցնում է մեզ, մենք էլ նրան ենք ցավեցնում»։ Նեթանյահուն, այդուհանդերձ, որևէ կերպ չի անդրադարձել Իսմայիլ Հանիեի սպանությանը։

Իսկ այս ընթացքում աղմկահարույց այս պատմությունը մտավախությունների պատճառ է դարձել՝ չի՞ սրվի արդյոք պատերազմը Մերձավոր Արևելքում: The New York Times-ը, վկայակոչելով իրանցի պաշտոնյաներին, հայտնում է, որ երեկ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստի ժամանակ Խամենեին հրամայել է ուղիղ հարվածներ հասցնել Իսրայելին։ Երկրի նորընտիր նախագահն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը «կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»՝ առանց մանրամասներ նշելու:

Հանիեի սպանությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ձգտում էր, որ կողմերը ժամանակավոր զինադադարի գան և Գազայում պատանդներին ազատ արձակելու գործարքի շուրջ բանակցեն: Իսրայելի, Քաթարի և Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաները ևս ներգրավված են բանակցություններում։

«Ինչպե՞ս կարող է միջնորդությունը հաջողության հասնել, երբ մի կողմը սպանում է մյուս կողմում գտնվող բանակցողին», - երեկ Քաթարի վարչապետն է այսպես արձագանքել։

Նույնաբովանդակ հաղորդագրություն էլ տարածել է Եգիպտոսի ԱԳՆ-ը՝ նշելով, որ սպանությունը խարխլել է խաղաղ բանակցությունները։ Իրանի պետական հեռուստատեսությամբ էլ քննարկումների ժամանակ կարծիքներ են հնչում, որ Հանիեի սպանությունը մի քանի ամսով կհետաձգի հետագա բանակցությունները, մեղադրանքի սլաքներ են նաև ուղղվում Վաշինգտոնին՝ Իսրայելին ռազմական, տնտեսական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու համար։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, սակայն, շտապել է հերքել Վաշինգտոնի առնչությունը հարձակմանը, պնդել, որ այդ մասին տեղյակ չի եղել, և կրկնել՝ «հրադադարի հաստումը հրամայական է»։

«Ես չեմ կարող կանխատեսել՝ ինչպես կարող է մի որևէ իրադարձություն ազդել մեկ այլ իրադարձության վրա։ Ի՞նչ կլինի հետո։ Տարիների ընթացքում հասկացել եմ, որ պետք չէ ոչինչ կանխատեսել։ Բայց ակնհայտ է, որ հրադադարը բխում է բոլորի շահերից, այն բխում է իսրայելցիների, պաղեստինցիների, տարածաշրջանի շահերից», - ասել է նա։

Օրակարգում խաղաղությունը չէ. Իսրայելի նախկին վարչապետ

«Օրակարգում խաղաղությունը չէ»,- Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթն է Radio Farda-ին տված ծավալուն հարցազրույցում ասել՝ անդրադառնալով «Համաս»-ի առաջնորդի սպանությանը հաջորդող հետևանքներին։

«Կարող են ավելի շատ դժվարություններ ստեղծվել պատանդների վերաբերյալ համաձայնության գալու հարցում», - նշել է նա։

Իր պաշտոնավարման ընթացքում Օլմերթը հավանություն է տվել արաբական խաղաղության նախաձեռնությանը` արաբա-իսրայելական երկարատև հակամարտությանը վերջ դնելու համար։ Իսրայելցի նախկին պաշտոնյան թեև վստահ է, որ Իրանը կփնտրի միջոցներ Հանիեի սպանությանն արձագանքելու համար, այդուհանդերձ հաշվի կառնի մի շարք հանգամանքներ, մասնավորապես, Իսրայելի կառավարությունը պաշտոնապես պատասխանատվություն չի կրել սպանության համար, ինչը, Օլմերթի կարծիքով, կազդի իրանական արձագանքի չափի վրա։

«Ես վստահ չեմ, որ դա բխում է Իրանի շահերից, և յուրաքանչյուր նման արարքի համար կարող են հետո ափսոսալ։ Դասը, որ նրանք պետք է քաղած լինեին ապրիլյան դիմակայությունից հետո, այն էր, որ նույնիսկ երբ հարյուրավոր բալիստիկ հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ արկեր եք արձակում, միևնույն է չեք հաջողում ձեր նախատեսածի չափ վնաս պատճառել։ Եվ փաստացի կորցնում եք ձեր սպառնալիքի ուժը», - ասել է նա:

Օլմերթը հույս է հայտնել, որ Իրանի պատասխանը տարածաշրջանում իրավիճակն ավելի չի թեժացնի։

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին հետևող փորձագետներն իրենց վերուծություններում կարծիք են հայտնում, որ այս պահին իրավիճակը գուցե հեռու է լայնածավալ տարածաշրջանային պատերազմից, բայց կանխատեսելի է, որ հակամարտությունը նոր՝ ավելի թեժ մակարդակի վրա է։

«Եթե Իրանը խուսափի սուր էսկալացիայից․․․․». գրեթե բոլոր վերլուծականներում նախադասությունները սկսվում են այս պայմանական «եթե»-ով ու շարունակվում՝ «դա ընդամենը մի մեծ եթե է»։

Շրջանառվող հարցերից մեկն էլ այն է՝ ո՞վ կզբաեղցնի Հանիեի տեղը և որ ուղղությամբ կտանի արդեն իսկ թեժացած համակարտությունը Մերձավոր Արևելքում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG