Մատչելիության հղումներ

Վարչապետի խորհրդական նշանակված Խաչատրյանը հերքում է, թե պաշտոնազրկման պատճառը Փաշինյանի դժգոհությունն էր


Արամ Խաչատրյանը, արխիվ
Արամ Խաչատրյանը, արխիվ

Այսօր վարչապետի խորհրդական է նշանակվել Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, ում կես տարի առաջ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց մարզի նորակառույց դահլիճներում շինարարության որակն ստուգելուց հետո։ Վարչապետը հենց այցի ընթացքում դժգոհեց ու ժամեր անց մարզպետին ազատելու հրաման արձակեց։ Նույնատիպ դժգոհություններից հետո մեկ օր անց պաշտոնից ազատվել էին նաև Արմավիրի մարզպետն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

Մինչդեռ այսօր վարչապետի խորհրդական նշանակված Լոռու նախկին մարզպետը հերքում է, թե շրջայցի հաջորդ օրն աշխատանքից ազատվել է վարչապետի դժգոհությունների պատճառով։ Պնդում է՝ ավելի վաղ էր պաշտոնից հրաժարվելու որոշում կայացրել՝ պարզապես վարչապետի շրջայցի հետ համընկավ։

«Ազատության» հարցին, թե ինքն իր մեղքը տեսա՞վ վատորակ շինարարության մեջ, Արամ Խաչատրյանը պատասխանեց. - «Բայց իմ մեղքը ո՞րն է այդտեղ։ <> Ես ասացի՝ ես այդ պատճառով չեմ դիմում գրել»։

Ընդհանուր բավարար եմ գնահատում. Խաչատրյանը՝ Արկադի Փելեշյանի աշխատանքի մասին

Այսօր վարչապետի աշխատակազմի անդամ դարձած Արամ Խաչատրյանը 2021-ի ավագանու ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն էր ու Վանաձորը 5 տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանի հիմնական մրցակիցը։ Բայց, պարտվեց Մամիկոն Ասլանյանին, որն ընտրություններում տարած հաղթանակից օրեր անց կոռուպցիոն մողադրանքով կալանավորվեց ու մինչև այսօր բանտում է։ Այս զարգացումներից հետո դատարանները երկուսուկես տարի ձգձգեցին քաղաքական տարբեր ուժերի Վանաձորի ավագանուն վերաբերող բողոքները։

Արդյունքում անգամ օրենսդրությունը հարմարեցվեց, որ գործող իշխանություններն այստեղ ժամանակավոր կառավարում ձևավորեն, ու վարչապետը համայնքապետի պաշտոնակատար նշանակի։ Այսօր վարչապետի խորհրդական նշանակված Արամ Խաչատրյանը բազմիցս է հայտարարել, որ գոհ է համայնքն արդեն երկուսուկես տարի ղեկավարող պաշտոնակատար Արկադի Փելեշյանից։ Այսօր էլ այս մտադրությամբ գնում է վարչապետի աշխատակազմ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ որոշում չունի այդ հարցում, այսինքն՝ թեկնածուի հարցում, {Արկադի Փելեշյանին} թեկնածուներից մեկը, որ իմ մարզպետ աշխատած ժամանակ իր աշխատանքից իմ անձնական կարծիքը, իհարկե թերություններ, բացթողումներ եղել են, բայց ընդհանուր բավարար եմ գնահատում», - ասաց նա։

Վանաձորում տապալվել է սահմանադրական կարգը. իրավապաշտպան

Ինչպե՞ս է ստացվում, որ անգամ դատարանների վճիռներից հետո Վանաձորի ավագանին ի վերջո ո՛չ ցրվում է, ո՛չ էլ համայնքի ղեկավարի ընտրության գնում։

Անցած ամիս Վարչական դատարանը հերթական վճիռն էր կայացրել, որով վերացրել էր ավագանու վրա դրված արգելանքը, բայց դա դուր չէր եկել Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությանը, որի ընտրական ցուցակով Վանաձորում ավագանու անդամ էր դարձել ներկայիս համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Բողոքարկել էր դատարանի վճիռը, որը, սակայն, վարույթ չի ընդունվել բողոքի անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Այսօր համայնքապետարանից հրաժարվեցին մեկնաբանել՝ գոնե սրանից հետո կգնան ընտրությունների, թե ոչ։ «Քաղաքացիական պայմանագրի» տեղի կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանը, որ այսօր վարչապետի վստահությանն է արժանացել, նույնպես ասաց՝ Վանաձորի ճակատագրի մասին որևէ քննարկում չեն արել։

Ի սկզբանե կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի ղեկավարած դաշինքը ընդդիմադիր ևս երկու խմբակցությունների՝ «Ապրելու երկրի» և «Հայրենիքի» հետ ավելի շատ թվով ձայներ ունեն, քան իշխանություն ձևավորած «Քաղաքացիական պայմանագիրն» ու գործող պաշտոնակատարի գլխավորած ՀԱՍԿ-ը։ Բայց վերջին շրջանում Մամիկոն Ասլանյանի կողմնակիցները որևէ քաղաքական նախաձեռնություններով հանդես չեն եկել, շատերը հրաժարվում են խոսել, ու պարզ չէ՝ այստեղ ինչպես կզարգանան իրադարձությունները։

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը կարծում է, որ անցած առնվազն 10 ամիսներին «Վանաձորում տապալվել է սահմանադրական կարգն», ու պատրաստվում է իրավական գործընթաց սկսել։

«Շուրջ 10 ամիս Վանաձոր համայնքում համայնքային իշխանությունն ապօրինի պահվել է ժամանակավոր պաշտոնակատարի ձեռքում։ Սրանով պայմանավորված մենք կարծում ենք և ունենք հետևյալ դիրքորոշումը, որ Վանաձորում տեղի է ունեցել իշխանության յուրացում», - նշեց նա։

XS
SM
MD
LG