Մատչելիության հղումներ

Կիրանցի արդեն չգործող ճանապարհի վրա ադրբեջանցիներից բաժանող բետոնե պարիսպ կա


Կիրանցի նորակառույց դպրոցն ադրբեջանցի սահմանապահներից բաժանող կես մետրանոց պատն արդեն տեսանելի է, 10-ը հուլիսի, 2024թ․
Կիրանցի նորակառույց դպրոցն ադրբեջանցի սահմանապահներից բաժանող կես մետրանոց պատն արդեն տեսանելի է, 10-ը հուլիսի, 2024թ․

Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։

Հերթապահող պարեկները բոլոր անցնող մեքենաներին ցույց են տալիս Աճարկուտ գյուղով անցնող այլընտրանքային ճանապարհը, որն արդեն ասֆալտապատ է ու զուգահեռաբար դեռ աշխատանքներ են ընթանում։

Դեպի ձախ Աճարկուտով Կիրանց տանող նոր ճանապարհն է, 10-ը հուլիսի, 2024թ․
Դեպի ձախ Աճարկուտով Կիրանց տանող նոր ճանապարհն է, 10-ը հուլիսի, 2024թ․

Դպրոցի հարակից հատվածում, որտեղ սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում, ճանապարհը փորված է։ Ենթադրաբար այդ հատվածում պատը շարունակվելու է մինչև փշալարեր։

Ու, չնայած, հայ-ադրբեջանական պայմանավորվածության համաձայն, կամուրջն ու մոտ մեկ կիլոմետրանոց ճանապարհն այս ամսվա վերջին են անցնելու Ադրբեջանին, բայց այսօրվանից փաստացի հայկական կողմն այն չի շահագործում։

Ոստիկանները փակել են Կիրանցի մուտքը
please wait

No media source currently available

0:00 0:00:59 0:00

«Ազատության»-ն այսօր էլ չթույլատրեցին նկարահանումներ անել կառուցվող պատի հարակից տարածքում, նաև՝ ճանապարհի այդ փորված հատվածում։ Անգամ հնարավոր չեղավ մոտենալ կառուցվող պատին։

Կիրանցի նորակառույց դպրոցն ադրբեջանցի սահմանապահներից բաժանող պատի հարակից հատվածն է, 10-ը հուլիսի, 2024թ․
Կիրանցի նորակառույց դպրոցն ադրբեջանցի սահմանապահներից բաժանող պատի հարակից հատվածն է, 10-ը հուլիսի, 2024թ․

Դիտարկմանը, թե այս նույն հատվածով երեխաները սեպտեմբերին հավանաբար դասի են գնալու նորակառույց դպրոցում, եթե այն շահագործման հանձնվի, և հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում «Ազատության»-ը թույլ չեն տալիս գտնվել այդ նույն տարածքում, ԱԱԾ աշխատակիցը պատասխանեց՝ հրահանգ ունի՝ թույլ չտալ, պարեկներն էլ՝ թե փակ ճանապարհով անգամ ոտքով անցնել է վտանգավոր։

«Ձեր անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեք կարող», - ասաց պարեկներից մեկը։

Այսօր առավոտյան Ճանապարհային դեպարտամենտը հայտարարել էր, թե Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը ժամանակավոր է փակվել, բայց, ըստ էության, այն այլևս չի բացվի։

Դեպարտամենտը հորդորել էր վարորդներին՝ տվյալ հատվածը շրջանցել Աճակուտի միջով անցնող ավտոճանապարհով։

Աճարկուտով անցնող ճանապարհը մինչև մայրուղի 2,5 կմ է, բայց Իջևանի կողմից Կիրանց գնացողների համար, ճանապարհը մոտ 4 կմ երկարում է, քանի որ շրջանցում են ու ճանապարհի վերջնամասից միայն վերադառնում գյուղ։

Այս ճանապարհը, որ գրունտային, դժվար անցանելի էր, հայ-ադրբեջանական ապրիլյան պայմանավորվածությունից հետո սկսեցին վերանորոգել։ Սրան զուգահեռ կառուցվում է նոր ավտոճանապարհ, որն ավարտին հասցնելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։

Աճարկուտով անցնող ճանապարհը վերանորոգվում է
please wait

No media source currently available

0:00 0:00:49 0:00

Երեկոյան արդեն ավելի քան կես մետր բարձրության պատ կար Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով։ Երեք մետր բարձրությամբ այս բետոնե պարիսպը փակում է ելքը դեպի Ադրբեջանին անցնող տարածքներ, առանձնացնում նորակառույց դպրոցն Ադրբեջանից։

Կիրանցի բնակիչներն ասում են՝ անակնկալ չէր, դեռ ամիսներ առաջ գիտեին, որ մի օր իրենց մշտական ճամփան անհասանելի էր դառնալու իրենց համար։ Օրը եկավ։ Իսկ այս ամենն իրենց համար անվտանգության երաշխիք կդառնա՞, թե՞ ոչ, պարզ չէ։

«Ես ամեն անցնելիս, երբ տեսել եմ, որ հարևանս էնտեղ՝ բաղում, հանգիստ գործ է անում, ես ինձ լավ եմ զգացել, որ հարևանս կարողանում է մի բանով աշխատի, ապրի՝ իրա տնամերձում, իրա հողամասում, իսկ հիմա, որ տեսնում եմ, ընկճվում եմ, թեկուզ ես չունեմ, ես արդեն ինձ անտեր եմ զգում», - «Ազատության»-ն ասաց գյուղացիներից մեկը։

Գյուղացիների համար չլուծված հարց է՝ հացահատիկը հնձելու ժամանակն է։ Դեռ անցած աշնանը ցանքս են արել։ Ի՞նչ է լինելու իրենց բերքը, որ մնացել է Ադրբեջանին անցած Խեյրիմլիից այն կողմ։

Աբգար Սիմոնյանն ասում է՝ 200 հազար դրամ է ծախսել իր ավելի քան մեկ հեկտար հողն արտ դարձնելու համար։

«Միլպետն էր, ով էր, խոսք էր տվել, ասել էր՝ ես ինքս կանեմ։ Ժամանակն ա, խի՞ չի գալիս հնձիլ տա, պատճառն ի՞նչ ա։ Մնա կորչի՞, ով պիտի տիրություն անի։ Հնձի ժամանակն անց է կենում, պետք է էնտեղ շուտ հնձվի՝ թուրքի կողմը շուտ է հնձվում։ Իրենք թույլ չեն տա, որ իրենց հողը գնաս արտերը հնձես՝ ցորենը հնձես», - «Ազատության»-ն ասաց Սիմոնյանը։

Ի դեպ այսօր կեսօրին «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ի բջջային կապը Հայաստանում սահմանափակումներով էր։ Ավելի ուշ ընկերությունը հայտարարություն տարածեց, որ մալուխներ են վնասվել Կիրանցում՝ շրջանցիկ ճանապարհի կառուցման և Լոռիում՝ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում։ Երեկոյան կողմ միայն կապը վերականգնվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG