Մատչելիության հղումներ

Նոր հրաման նախկինում արգելված «Զարյա-3»-ի մասով. Փորձագետը չի բացառում՝ հունիսի 12-ի դեպքերի սրբագրման համար է


Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների նկատմամբ, Երևան, 12-ը հունիսի, 2024թ․
Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների նկատմամբ, Երևան, 12-ը հունիսի, 2024թ․

Մինչ Առողջապահության նախարարությունը դեռ չի բացատրում, թե ինչո՞ւ է նախարարը հունիսի 26-ին նոր հրաման արձակել՝ կարգավորելով մինչև այս արգելված «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոնները հավաքների ժամանակ, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը կասկածներ ունի, որ սա կապ ունի հունիսի 12-ին ընդդիմության հանրահավաքի հետ։

Այդ օրը հավաքը ցրելու ընթացքում, ըստ Իոաննիսյանի ղեկավարած իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրության, հենց «Զարյա 3» է կիրառվել։

«Կիրառել են «Զարյա 3»-ներ, որոնց կարգավորումը Առողջապահության նախարարի հրամանում կիրառման պահին չի եղել։ Հետո հասկացել են, որ սխալ են արել, որոշել են գոնե հետո շտկեն սխալը, հետո նոր ներառել են դրանք առողջապահության նախարարի հրամանում», - ասաց Իոաննիսյանը։

Նախարարի հրամանը ուժի մեջ է մտել հունիսի 12-ից երկու շաբաթ անց և ըստ Իոաննիսյանի, հետադարձ ուժ չէր կարող ունենալ, բայց դա, միևնույն է, չի խանգարել նրանց դիմել այդ քայլին։

«Զարյա 3»-ն ի սկզբանե իր տենխնիկա-տակտիկական բնութագրով նախատեսված է զինված հարձակումներ հետ մղելու ու ավելի կոշտ ուժային գործողություններ կատարելու համար։ Այնինչ կան լուսաձայնային նռնակներ, որոնք անբեկոր են, կան լուսաձայնային նռնակներ, որոնք ավելի քիչ վնաս են հասցնում ու կարող են օգտագործվել ավելի քիչ վնաս հասցնող, անբեկոր լուսաձայնային նռնակներ», - նշեց իրավապաշտպանը։

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքից մոտ մեկ ամիս անց էլ Ներքին գործերի նախարարությունը չի պարզաբանում, թե, ի վերջո, մայրաքաղաքի կենտրոնում ինչ տեսակի հատուկ միջոցներ են կիրառել։ «Ազատությունը» դեռ մեկ ամիս առաջ է հարցում ուղարկել նախարարությանը, որտեղից էլ խնդրել են 30-օրյա ժամկետ՝ տեղեկությունները հավաքելու համար։ Հարցմանը պատասխանելու մեկ ամիսը կլրանա մի քանի օրից։ Առողջապահության նախարարությանը ևս հարցում ենք ուղարկել, խնդրել պարզաբանել, թե ինչո՞ւ է նախարար Անահիտ Ավանեսյանը որոշել փոփոխություն անել 2012 թվականից գործող հրամանի մեջ, որտեղ «Զարյա 3» տեսակի նռնակը հիշատակված չէ։

Նախարարի այդ հրամանում թույլատրվում է կիրառել, օրինակ, «Զարյա 2» տեսակի նռնակը, որը բեկորային վնասվածք չի պատճառում։ Առհասարակ, նախարարի հրամանում թույլատրված միջոցները բեկորային վնասվածք չեն պատճառում, այդ դեպքում ինչպե՞ս են հունիսի 12-ին մարդիկ նաև բեկորային վնասվածքներ ստացել։ Այս հարցին ևս նախարարությունը չի պատասխանում, միայն փոխանցեցին, որ այդ օրը բուժհաստատություններ 106 դիմածներից 57-ի մոտ ախտորոշվել էր բեկորային վնասվածք։

«Ի տարբերություն առողջապահության նախարարի հրամանի, որտեղ գրված է՝ դա անբեկոր լուսաձայնային նռնակ է, ոչ, «Զարյա 3»-ը անբեկոր լուսաձայնային նռնակ չէ։ Նաև հունիսի 12-ին բժիշկների կողմից ցուցարարների մարմինների միջից հանած բեկորները վկայում են նրա մասին, որ կիրառված լուսաձայնային նռնակը հաստատ անբեկոր չի եղել», - նշեց Դանիել Իոաննիսյանը։

Վալերի Օսիպյան. «Զարյա 3»-ն արգելվում է կիրառել հավաքների ժամանակ

2018-ի հեղափոխության ժամանակ լուսաձայնային նռնակներ կիրառելու գործով վերջերս մեղավոր ճանաչված Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը երեկ «Ազատությանն» ասաց՝ կադրերից չի կարող կողմնորոշվել՝ կիրառվածը «Զարյա 3» է, թե՝ ոչ։ Պնդեց միայն, որ իր պաշտոնավարման օրոք «Զարյա 3» չի եղել։

«Չգիտեմ՝ «Զարյա 3»-ը ինչ է, ինչի համար են կիրառել, իմ ժամանակով չի եղել «Զարյա 3»։ Չեմ կարող ասել, որովհետև իմ ժամանակին Առողջապահության նախարարության կողմից հաստատված չէր, որ իրավունք ունեն կիրառելու», - ասաց Երանոսյանը։

Իսկ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հավելեց՝ «Զարյա 3»-ն արգելվում է կիրառել հավաքների ժամանակ․ - «Զինված խմբավորումներ, զինված հանցագործին զինաթափելու համար է, դրա վնասվածքը, հետևանքները կարող են անդառնալի լինել»։

Փաշինյանի իշխանության օրոք կարճ ժամանակ Հայաստանի ոստիկանապետի, իսկ դրանից առաջ էլ Երևանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Օսիպյանը պնդում է՝ թեև «Զարյա 3»- ը մահաբեր չէ, բայց դրա բեկորները կարող են մահ պատճառել։

«Որ ասենք՝ անմիջապես մահաբեր է, ոչ, բայց կարող է բեկոր լինի, կարևոր արյունատար անոթ վնասվի ու բժիշկները չկարողանան անմիջապես տվյալ քաղաքացու կյանքը փրկել», - ասաց Օսիպյանը։

«Զարյա 3»-ն, ի տարբերություն «Զարյա 2»-ի, կիրառում են ընդհուպ պատերազմի ժամանակ զինված հակառակորդին մեկուսացնելու համար։ Հայաստանի ոստիկանական հրամաններում դրա կիրառման նկարագրություն չկա, կա «Զարյա 2»-ի մասին։ Ըստ դրա, այն նախատեսված է իրավախախտների վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցության համար։

Թե ինչ հատուկ միջոցներ է կիրառել ոստիկանությունը հունիսի 12-ին և ով է նման հրաման արձակել, որից տասնյակներով մարդիկ տուժեցին, քննում է Քննչականը, որը, սակայն, շուրջ մեկամսյա քննության ընթացքում դեռ որևէ նորություն այս մասով չի հայտնել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG