Երևանը Բաքվից «դրական արձագանք չի տեսնում» խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ստորագրելու առաջարկին, այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանն այս հայտարարությունը հնչեցրեց խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ադրբեջանական հերթական առաջարկները ստանալուց հետո։
«Մենք գրեթե վերջնականացրել ենք խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը և Հայաստանը պատրաստ է այն մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել և ստորագրել խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։ Ես չեմ կարող ասել, որ մենք տեսնում ենք դրական արձագանք Ադրբեջանից այս առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը մեկ ամսում», - նշեց Միրզոյանը։
Չնայած այս հանգամանքին, Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն այսօր Տալինում իր էստոնացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում շեշտեց՝ Երևանը շարունակում է նվիրված մնալ խաղաղության գործընթացին և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, վերստին ընդգծելով, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի 1991 թվականի Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա։
«Ես խորապես հավատում եմ, որ այժմ Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պահն է։ Այդ խաղաղությունն օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների և մարդկանց համար։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ և ակնկալում ենք մեր գործընկերների ամուր աջակցությունը, ովքեր հետաքրքրված են Հարավային Կովկասում կայունությամբ և երկարատև խաղաղությամբ», - ընդգծեց Արարատ Միրզոյանը։
Ուղիղ 3 շաբաթ առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե խաղաղության համաձայնագրի ստորագրումը հասունացած է՝ առաջարկելով Ադրբեջանին առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնել և ստորագրել: Բաքուն առայսօր այդ առաջարկին պաշտոնապես չի արձագանքել։ Սակայն Հայաստանի արտգործնախարարն արդեն բարձրաձայնում է Ադրբեջանի բացասական դիրքորոշման մասին։
Թե ի՞նչ առաջարկներ է ներկայացրել Բաքուն Երևանին՝ խաղաղության պայմանագրի 10-րդ խմբագրման մեջ, պարզ չէ, կողմերը փաստաթղթի բովանդակությունը չեն գաղտնազերծում։ Սակայն Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովն այսօր առանց որևէ մանրամասն պնդել է, թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի շուրջ էական առաջընթաց են արձանագրել։
«Մի շարք հարցեր, որոնք բաց են մնում, էականորեն կրճատվել են», - ասել է Բայրամովը, կրկին շեշտելով, թե խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը շարունակում է մնալ Հայաստանի Սահմանադրությունը։
«Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակում են մնալ Հայաստանի հիմնական օրենքում ՝ Սահմանադրությունում», - ասել է Բայրամովը։
Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։
Երևանից հակադարձում են Բաքվին
Բաքվին այսօր հակադարձել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը՝ Սահմանադրության փոփոխությունը Երևանի ներքին գործն է։
«Իհարկե, մեր Սահմանադրությունն ունի փոփոխության կարիք ու խոսքը գնում է մի շարք հոդվածների մասին: Սա նորմալ է, երևի չկա մի երկիր, որտեղ նման գործընթացներ չլինեն, բայց դա չի կարող լինել այլ երկրի ճնշման տակ», - ասաց փոխարտգործնախարարը:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը որևէ առաջարկ չի ուղարկում, փոխարենը անդադար նախապայմաններ է առաջ քաշում, Հովհաննիսյանն արձագանքեց. - «Բարդ է ասել արդյոք դա իսկապես նախապայման է հենց այդ բովանդակությամբ, թե դա պարզապես ցանկության բացակայում է՝ առաջ շարժվել բանակցությունների առումով: Սա դեռ հարց է, որին մենք պատասխան չունենք, կարծում եմ, ոչ մեկը չունի այդ պատասխանները»:
Ի դեպ, վարչապետ Փաշինյանը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը նոր Սահմանադրության նախագիծ մշակելու հանձնարարություն է տվել սահմանադրական բարեփոխումների խորհրդին։
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Հայաստանի արտգործնախարարն այսօրվա ասուլիսում չշրջանցեց նաև Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու թեման։
«Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Խոսելով 3 -րդ երկրների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար սահմանի բացման մասին, Միրզոյանը շեշտեց՝ արդեն ժամանակն է իրականացնել այդ պայմանավորվածությունը:
Երեկ էլ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր ընդգծել՝ Հայաստանն ակնկալում է, որ կյանքի կոչվի դեռևս երկու տարի առաջ Թուրքիայի հետ ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածությունը։ «Հայաստանը գործողություններ է սպասում Թուրքիայից»,- ասել էր նա։
Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը ռուս - ուկրաինական պատերազմի վերաբերյալ
Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարարին ընդամենը մեկ հարց ուղեցին՝ ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը ռուս - ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Պատասխանելով Էստոնիայի հանրային հեռարձակողի այս հարցին, Արարատ Միրզոյանն ասաց, թե իհարկե Հայաստանը կտրականապես դեմ է պատերազմին։
«Մենք չենք կարող դա հանդուրժել ոչ միայն մարդկային տեսանկյունից, այլ նաև այն առումով, որ մենք նույնպես բախվել ենք այդ նույն արհավիրքին մեր տարածաշրջանում։ Մենք տեսել եք, թե ինչպես է քաղաքացիական բնակչությունը բռնի տեղահանվում, ինչպես են քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվում և այլն։ Պատերազմը մշտապես սարսափելի բան է, և մենք կտրականապես դեմ ենք պատերազմին։ Մենք աջակցում ենք ոչ միայն խաղաղությանն ու կայունությանը, այլև երկրների տարածքային ամբողջականությանը։ Մենք միայն կարող ենք կոչ անել երկրներին դադարեցնել թշնամությունը», - պատասխանել է Միրզոյանը։
Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։