Մատչելիության հղումներ

«Մեր վեկտորի փոփոխությունը իրականում մեր քաղաքականության դիվերսիֆիկացիան է». ՀՀ ԱԳ փոխնախարար


ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 27-ը հունիսի, 2024թ.
ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 27-ը հունիսի, 2024թ.

«Մեր վեկտորի փոփոխությունը իրականում մեր բազմազանությունն է և դիֆերսիֆիկացիան մեր քաղաքականության». - արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը չի հերքում, որ Հայաստանը փոխելով արտաքին վեկտորը փորձում է բարձրացնել իր դիմադրողականությունը։

«Ապրի» ֆորումի շրջանակներում փոխնախարարն այսօր խոսում էր, թե ինչպես կարող են փոքր պետությունները գոյատևել, բարգավաճել փոփոխվող աշխարհակարգի պայմաններում։ Բարձրաստիճան դիվանագետը միջազգային փորձագետների հետ քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի նման փոքր երկիրն այլընտրանք չունի, պետք է դիֆերսիֆիկացնի իր քաղաքականությունը։

«Մոտեցումը պարզ է՝ հաստատել խաղաղություն մեր տարածաշրջանում, ամրապնդել մեր դիմադրողականությունը, ապահովել բարենպաստ պայմաններ մեր զարգացման համար, փորձել օգտագործել հնարավոր բոլոր միջոցները գոյատևելու համար», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Երեկ նույն ֆորումի շրջանակում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հարց բարձրացրել՝
երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Այնուհետև պնդել էր, որ հենց այդ իրավիճակի պատճառով ենք հայտնվել պատերազմում, շեշտել, որ Երևանը հիմա փորձում է նաև այսպիսի փոփոխություններով կայունություն բերել տարածաշրջանում։

Արտաքին գործերի փոխնախարարն էլ այսօր թվարկեց, թե վերջին մեկ տարում որքան է ընդլայնել Հայաստան իր արտաքին կապերը՝ Հնդկաստանի, Չինաստանի, Լատինական Ամերիկայի երկրների, Եվրամիության հետ, պնդելով՝ այս բազմազանությունը անվտանգության երաշխիքներից մեկն է։

«Ազատություն»-ը Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք անվտանգային հարցերը լուծվո՞ւմ են վեկտոր փոխելով, նոր մարտահրավերներ ու վտանգներ չե՞ն առաջանում, արդյոք Հայաստանը Արևմուտքից անվտանգության հստակ երաշխիքներ ստացե՞լ է:

«Հակառակը՝ հենց այդ սպառնալիքներին դիմադրելով է պայմանավորված մեր մոտեցումը, և հիմնական կարգախոսը այստեղ դիվերսիֆիկացիան է և մեր դիմադրողականության բարձրացումը», - ընդգծեց փոխնախարարը:

«Ազատության» հարցին՝ «ռազմական գերծողությունների դեպքում կա՞ ինչ-որ հստակ երաշխիք, որ Արևմուտքը օգնության ձեռք կմեկնի», Հովհաննիսյանն արձագանքեց. - «Մենք օգտագործում ենք բոլոր լծակները՝ սկսած դատական ատյաններից: Մեր՝ Հռոմի ստատուտի վավերացումը և Միջազգային քրեական դատարանին միանալը հենց երաշխիքներից մեկն է, որը կարող ենք օգտագործել նման զարգացումների դեպքում, նույնը վերաբերում է միջազգային Արդարադատության դատարանին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Օգտագործում ենք բոլոր միջազգային կազմակերպությունների ներուժը՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլն: Եվրամիության հետ սկսել ենք, երբևիցե չկար, անվտանգության և քաղաքական երկխոսությունը, Միացյալ Նահանգների հետ մեկ մակարդակ բարձրացրել ենք մեր ռազմավարական գործընկերությունը, և այլն, և այլն»:

«Դուք հիմա այն վիճակում չեք, որ որևէ երկիր երաշխավորի Հայաստանի անվտանգությունը». Հեմիլթոն

«Հայաստանը միշտ դժվար անվտանգային իրավիճակում է եղել, բայց կվիճարկեի այն թեզը, թե այն ավելի է բարդացել». - ամերիկյան Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի Եվրասիայի հարցերով բաժնի ղեկավար, պաշտոնաթող գնդապետ Ռոբերտ Հեմիլթոնը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ շրջապատված լինելով շատ բարդ հարևաններով՝ Հայաստանն այսօր իրապես չունի վստահելի գործընկեր։

«Ռուսաստանն ապացուցեց, որ ամենևին էլ վստահելի գործընկեր չէ, ու, բնականաբար, Հայաստանը պետք է նոր գործընկերներ փնտրի, բայց և այնպես ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր անի, որպեսզի առանց որևէ մեկից կախում ունենալու զսպի ագրեսիան, պաշտպանի սեփական տարածքային ամբողջականությունը։ Պետք է նաև պատրաստ լինել պայքարել տարբեր ձևերով։ Արտաքին անվտանգությունը երաշխիք չէ։ Դուք հիմա այն վիճակում չեք, որ որևէ երկիր երաշխավորի Հայաստանի անվտանգությունը։ Այնպես որ՝ ամեն ինչ Հայաստանի կառավարության և ժողովրդի վրա է», - ասաց Հեմիլթոնը:

Ամերիկացի հետազոտողը տեղյակ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատումից, այդ թվում՝ այն մտահոգություններից, որ դրանք տեղի ունեցան ճնշումների ներքո և ընդդիմության կողմից գնահատվում են որպես միակողմանի զիջում։ «Իհարկե դա ճնշման տակ է արվում։ Բայց Հայաստանի շահերից է բխում այս հարցը մշտապես պահել միջազգային օրակարգում, ցույց տալ Արևմուտքին, որ դա միակողմանի է», - ընդգծեց Ռոբերտ Հեմիլթոնը:

Արդեն երկու օր ընթացող ֆորումի շրջանակում մի շարք միջազգային փորձագետներ տարբեր պանելային քննարկումների ժամանակ բարձրացնում են անվտանգային մի շարք հարցեր։ Կարմիր թելի պես պտտվող միտքն է՝ պատրաստի դեղատոմսեր չկան, ճկուն դիվանագությունն անվտանգության երաշխիքներից մեկն է։

XS
SM
MD
LG