Մատչելիության հղումներ

Բաքվում պահվող Արցախի նախկին պաշտոնյաների հետ հարցազրույցները՝ իրավունքի կոպիտ խախտում. իրավապաշտպաններ


Հարցազրույցները խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները. հայ գերիների շահերը պաշտպանող իրավապաշտպանները քննադատում են ադրբեջանական AzTV-ի անոնսը, որում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ու գեներալ Լևոն Մնացականյանը հարցազրույցներ են տալիս։ Դրանք ամբողջությամբ եթեր կհեռարձակվեն մարտի 28-ին։

Ի՞նչ գաղտնիքներ է բացահայտել Արայիկ Հարությունյանը, գրել է անոնսը տարածած լրատվամիջոցներից մեկը։ Լևոն Մնացականյանին էլ ցուցադրում են մի քանի վայրկյան, երբ գեներալն, ըստ ամենայնի, անդրադառնում է սեպտեմբերի 19-ի հարձակմանը, որն Ադրբեջանը որակել էր «հակաահաբեկչական գործողություն», և ընդամենը լսվում է նրա խոսքը՝ անսպասելիության գործոնն, այնուամենայնիվ, իրենն ասում էր։

Հարցերի բովանդակությունը տարածված անոնսից պարզ չէ։

«Նրանք ազատազարկման մեջ են, և նրանք ունեն ռազմագերու կարգավիճակ։ Այդ հարցազրույցները խախտում են հումանիտար իրավունքը՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը։

Նա շեշտում է՝ այդ նույն սկզբունքով է, որ անազատության մեջ գտնվող անձինք չունեն ընտրելու իրավունք. - «Անազատության մեջ գտնվող մարդու կամքն ազատորեն չի ձևավորվում, և սա ունի քարոզչական նպատակ, սա հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ մաս է։ Մենք չգիտենք, թե ազատության մեջ գտնվելով՝ բոլորի հետ հավասար պայմաններում, նրանց ընտրական կամքն ինչպես կձևավորվեր։ Նույն կերպ այստեղ է»։

Լարիսա Ալավերդյանը հանրությանը հորդորում է չհավատալ բանտում, ճնշման ներքո ասված որևէ խոսքի

Արցախյան առաջին պատերազմի տարիներից գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Լարիսա Ալավերդյանը հանրությանը հորդորում է չհավատալ բանտում, ճնշման ներքո ասված որևէ խոսքի։

«Մենք բոլորս պետք է ավելի պինդ լինենք և հասկանանք, որ դա իրենք, նսեմացնելով այդ բավականին մեծ ճանապարհ անցած մարդկանց արժանապատվությունը, դրանով ոչ թե այդ անձանց հանդեպ են վերաբերմունք ցույց տալիս, այլ այդ ազգի, այսինքն՝ մենք բոլորս պետք է հասկանանք, որ դա փորձություն է, մենք դրանով պետք է անցնենք։ Այդ բոլոր հարցազրույցներն իրենք ուղղակի բնութագրվում են ինչպես շատ դաժան, հոգեբանական ճնշում», - ընդգծեց նա։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ալավերդյանն ընդգծում է՝ Բաքուն խախտել է Ժնևյան կոնվենցիաները, որտեղ հստակ նշվում է՝ ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա։

«Դա ցույց է տալիս իր ժողովրդին, թե տեսեք՝ մենք ինչ հերոս ենք, և նսեմացնում է հայերին, որ դրանք չե՞ն ձեր ղեկավարները», - նշեց նա։

Արայիկ Հարությունյանի և Լևոն Մնացականյանի թեմային է անդրադարձել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը ևս ընդգծել է՝ անազատության մեջ գտնվող ռազմագերիները չեն կարող անկաշկանդ ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու համար, և որ նրանք թիրախավորվում են այդ տեսանյութերի տարածմամբ, ինչն էլ հիմա տեղի է ունենում այդ անոնսների մեկնաբանություններում։

Արայիկ Հարությունյանից ու Լևոն Մնացականյանից բացի, ադրբեջանական բանտերում է պահվում արցախցի ևս վեց նախկին պաշտոնյա։ Նրանց բոլորին ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ ապօրինի զինված կազմավորումների ձևավորումից մինչև ահաբեկչություն։

XS
SM
MD
LG