Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների դադարեցումն է. Հաջիզադե


Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադե
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադե

«Երևանի և Բաքվի միջև իրական և հարատև խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջների դադարեցումն է», - այսօր արձագանքելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ այդ տարածքային պահանջներն «ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին Հայաստանի սահմանադրության տեքստում, որը բացահայտ հղում է կատարում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորմանը կոչ անող Անկախության հռչակագրին»։

«Հայկական կողմի տրամաբանությունը, որը ձգտում է անտեսել այս խնդիրը, վկայում է, որ այդ երկիրը հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն չունի։ Այն փորձում է այս տարբերակը որպես պահեստային պահել, որպեսզի հետագայում կրկին ագրեսիա իրականացնի Ադրբեջանի դեմ», - հայտարարել է Այխան Հաջիզադեն։

  • Հայաստանի սահմանադրությունը և նրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, ավելի վաղ հայտարարել էր ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ շեշտելով՝ դրա շուրջ դեռևս 2018-ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում են որպես կոպիտ միջամտություն ՀՀ ներքին գործերին:
  • Այսօրվա հայտարարությամբ պաշտոնական Երևանը նշել էր՝ կարծում է՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսելու, խաղաղության պայմանագրի կնքումը վիժեցնելու մտադրություն ունի։ Արտգործնախարարությունն այսօր արձագանքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքին, թե «Հայաստանի ղեկավարությունը կրելու է Հարավային Կովկասում իրավիճակի սրման և պատերազմի նոր օջախի առաջացման ողջ պատասխանատվությունը»։
  • «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG