Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանը բարձրաձայնում է Բաքվում պահվող գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին


Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան, արխիվ
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան, արխիվ

Վարդանյանի փաստաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի զեկուցողին

Ադրբեջանում ավելի քան 8 ամիս ճաղերի հետևում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հրատապ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ բարձրաձայնելով Վարդանյանի խոշտանգումների մասին։

Փաստաբանները պատմում են, որ Վարդանյանի 20-օրյա հացադուլի ընթացքում մենախցում լույսը վառված է եղել շուրջօրյա, ինչը հանգեցրել է անքնության և հյուծման։ Բացի դրանից, նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ և ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից, թույլ չեն տվել լողանալ և այլն։

Այլ ընտանիքներից ևս խոշտանգման մասին տվյալներ կան. իրավապաշտպան

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանում բանտարկված, Արցախից գերեվարված այլ անձանց ընտանիքներից ևս իրեն տեղեկություններ են հասնում դաժան վերաբերմունքի մասին, պարզապես ի տարբերություն Վարդանյանի ընտանիքի՝ մյուսները չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է բացասական ազդել իրենց հարազատի վրա՝ անվտանգության առումով։

«Վատ վերաբերմունքի, հոգեբանական ճնշումների, հիասթափությունների, անգամ ինքնասպանության փորձերի մասին։ Հարցի զգայունությունը հաշվի առնելով, նաև ընտանիքներն ունենալով վախեր, հրաժարվում են հրապարակային մեկնաբանություններ տալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Ընդ որում, իրավապաշտպանի խոսքով՝ մյուս գերիների դեպքում ևս կիրառավել են խոշտանգման նման մեթոդներ, օրինակ՝ մարդկանց թույլ չեն տվել հանգիստ քնել, ինչպես նաև կիրառել են հոգեբանական բռնության եղանակներ՝ նրանց ասելով, թե Հայաստանում չեն ցանկանում ու ջանքեր չեն գործադրում, որ դուք վերադառնաք։

«Այդտեղ գործ ունենք համատարած սիստեմիկ քաղաքականության հետ, որը միտված է հայերին ենթարկել խոշտանգումների, վատ վերաբերմունքի, և հիմնական շարժառիթը՝ նրանց էթնիկ պատկանելիություն», - նշեց նա։

Ե՛վ Ռուբեն Վարդանյանի փաստաբանները, և՛ իրավապաշտպանը նկատում են, որ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները, ընդ որում, մայիսին կոնվենցիայի կոմիտեում քննարկումների ընթացքում անդրադարձ եղել է Ադրբեջանի կողմից 23 հայերին ճաղերի հետևում պահելու հարցին, կոմիտեն հիմանավոր չի համարել Բաքվի բերած փաստարկները։

«Արցախի նախկին իշխանությունների և 23 թվականին գերեվարվածների առնչությամբ Ադրբեջանը դիրքորոշում էր արտահայտել, որ հակաահաբեկչական օպերացիայի արդյունքում են նրանք ձերբակալվել և կատարված հանցագործությունների համար հետապնդվում են։ Այդ տեսակետը հիմնավոր չի գնահատել կոմիտեն, ինքնին կասկածի տակ էր դրել հակաահաբեկչական օպերացիայի որակումը մարդու իրավունքների տեսանկյունից և անգամ կոչ է արել անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող 23 հայերին», - ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։

Իրավական մանդատ ունեցող կառույցները թեև ուժ չունեն որևէ բան պարտադրելու Բաքվին, այնուամենայնիվ նրանց գնահատականները հետագայում օգտագործվում են քաղաքական ճնշման համար, բացատրում է Սահակյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ գանգատ կա Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերի մասին, պարտավորեցրել է Բաքվին 3 ամիսը մեկ տեղեկություն հաղորդել Արցախի նախկին ղեկավարների ու մյուս գերիների առողջական վիճակի ու պահման պայմանների մասին։ ՄԻԵԴ-ը այդ տեղեկությունը ստանալուց հետո հաղորդում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչին։ Վերջին անգամ, սակայն, տվյալներ է փոխանցել փետրվարին՝ խախտվել է դատարանի պահանջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG