Մատչելիության հղումներ

Ադրբեջանում լրագրողների դեմ բռնաճնշումների հերթական ալիքն է


«Ազատության» ադրբեջանական ծառայության ծաղրանկարը
«Ազատության» ադրբեջանական ծառայության ծաղրանկարը

Լրագրողների դեմ բռնաճնշումների հերթական ալիքը Ադրբեջանում, բանտերում ադրբեջանցի լրագրողների թվի սրընթաց աճի կապակցությամբ «խորը մտահոգություն» է հայտնել առայժմ միայն պաշտոնական Վաշինգտոնը:

Նախօրեին Ադրբեջանում ևս 9 լրագրող է բերման ենթարկվել, ովքեր համագործակցում են համացանցում հեռարձակվող Тoplum TV անկախ հեռուստաալիքի հետ։

Դիմակավորված ուժայինները երեկ ողջ օրվա ընթացքում խուզարկություններ են իրականացրել լրատվամիջոցի գրասենյակում և աշխատակիցներից մի քանիսի բնակարաններում։ Ձերբակալվածներից 6-ի դեմ քրեական գործ է հարուցվել ֆինանսական մաքսանենգության մեղադրանքով։

Լրագրողներից մեկի՝ Ֆարիդ Իսմայիլովի հարազատների փոխանցմամբ, խուզարկության ընթացքում նրա բնակարանում մոտ 3 հազար եվրո է հայտնաբերվել։ Լրագրողը պնդում է, որ այդ գումարն իրեն չի պատկանում։

Հեռուստաընկերության հաղորդավար Ալյա Յագուբլուն BBC-ի հետ զրույցում նշել է, որ ոստիկանների ներխուժումն իրենց գրասենյակ ամենևին էլ «անակնկալ չէր»։ Նրա խոսքով՝ «իշխանամետ լրատվամիջոցներն արդեն տևական ժամանակ է հակաքարոզչություն են իրականացնում անկախ լրատվամիջոցների՝ այդ թվում Тoplum TV-ի դեմ»։

Հեռուստաընկերության՝ ավելի քան 90 հազար բաժանորդ ունեցող յութուբյան ալիքն անցած ժամերին արգելափակվել է, մի քանի հազար տեսանյութերը՝ ջնջվել, մինչ այդ էլ կապարակնքվել է լրատվամիջոցի խմբագրատունը:

2016 թվականից գործող Тoplum TV-ն ներկայանում է որպես անկախ, հետաքննող մեդիա կազմակերպություն, որի խմբագիրն ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան է։ Ալիևի ընտանիքի ունեցվածքի բացահայտումներով հայտնի լրագրողը 2015-ին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով, մեկուկես տարի բանտում անցկացնելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել միջազգային կառույցների ճնշման արդյունքում։

Իսմայիլովան պնդում է՝ Toplum TV-ի դեմ բռնաճնշումների նպատակը նույնն է՝ «փորձել լռեցնել լրատվամիջոցներին»։

«Սա երկրում քննադատական ձայները լռեցնելու, խոսքի ազատությունը վերացնելուն ուղղված քայլերի շարունակությունն է։ Ես միայն գիտեմ, որ մենք որևէ քրեական գործի իրավական հիմք չենք ապահովել», - շեշտում էր լրագրողը:

Ադրբեջանում իշխանություններին չենթարկվող լրատվամիջոցների դեմ նոյեմբերից շարունակվող ճնշումներն անցած գիշեր դատապարտել է պաշտոնական Վաշինգտոնը։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք Միացյալ Նահանգները պատրաստվում է Բելառուսի, Ռուսաստանի և այլ երկրների օրինակով պատժամիջոցներ սահմանել նաև Ալիևի վարչակազմի դեմ։ Ամերիկացի պաշտոնյան, դիմելով Ադրբեջանի կառավարությանը, հորդորել է դադարեցնել իրենց հիմնարար ազատություններն իրականացնողների նկատմամբ հետապնդումները և կոչ է արել ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ պահվող անձանց։

«Ոչ ոք չպետք է ենթարկվի բանտարկության կամ պատասխանատվության՝ խոսքի ազատության իրացման համար», - հայտարարել է Միլլերը։

Եվրոպայի խորհրդի հետ համագործակցող Lրագրողների պաշտպանության հարթակը վերջերս հրապարակած զեկույցում փաստել է, որ ԵԽ-ին անդամակցող 47 երկրներում 55 լրագրող գտնվող է բանտում, որոնցից 16-ը՝ միայն Ադրբեջանում։ Անցած նոյեմբերին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել և նախնական կալանքի են ենթարկել առնվազն տասը լրագրողի՝ այդ թվում Abzas Media առցանց թերթի գրեթե ամբողջ խմբագրակազմին։ Մինչև ճաղերի ետևում հայտնվելը, լրագրողները հետաքննությամբ պարզել էին, որ Լեռնային Ղարաբաղում և Բաքվի վերահսկողության տակ անցած մյուս տարածքներում բազմամիլիոնանոց նախագծերի իրականացման ոչ-թափանցիկ մրցույթներում հաղթող են ճանաչվել հիմնականում Իլհամ Ալիևի դուստրերի և այլ ադրբեջանցի ազդեցիկ պաշտոնյաների անվան հետ կապվող ընկերություններ։ Abzas Media-ի ղեկավար Ուլվի Հասանլին ձերբակալվելուց հետո փաստաբանին պատմել է, որ ոստիկանությունում իրեն հարցրել են՝ ինչո՞ւ չեն փառաբանում Բաքվի ռազմական հաջողությունները, փոխարենը կենտրոնանում են կոռուպցիայի վրա:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Human Rights Watch-ը, ադրբեջանցի լրագրողների նոյեմբերյան ձերբակալություններն ազատ խոսքը խեղդելուն ուղղված քայլ են որակել:

Բռնապետական կառավարմամբ հայտնի Իլհամ Ալիևը հերքում է բոլոր մեղադրանքները։ Անցած ամիս Բաքվում գերմանացի պաշտոնյաների հետ հանդիպմանը Ադրբեջանի առաջնորդը, հատուկ անդրադառնալով իր երկրում մարդու իրավունքների աղաղակող խախտումների մասին գերմանական մամուլի հրապարակումներին, պնդել է՝ «կատարյալ սուտ է»:

«Գերմանական մամուլում Ադրբեջանը ներկայացվում է որպես բռնապետական երկիր, որտեղ ազատությունները երաշխավորված չեն, որտեղ մարդիկ բանտարկվում են իրենց կարծիքի համար։ Սա կատարյալ սուտ է», - ասել է Ալիևը և հավելել՝ իր ասածները կարող է հաստատել Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը։

Պաշտոնական Բեռլինի ներկայացուցիչն առայժմ հրապարակավ չի խոսել Ադրբեջանում տիրող վիճակի մասին։ Շաբաթներ առաջ Եվրամիության դեսպանն էր որոշել կիսվել տպավորություններով․ - «Ապշած եմ Բաքվում ձերբակալված լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից»։ Պետր Միխալկոյին ցնցել էին մասնավորապես երիտասարդ կին լրագրողների դատավարությունների տեսարանները՝ «դատարանի դահլիճում նրանց ձեռնաշղթաներ հագցնելը, ապակե վանդակներում պահելը, կամ մարդկային տարրական կարիքների մերժումը», նկարագրում էր եվրոպացի դիվանագետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG