Ռուսաստանը շարունակելու է աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ ռուսական կողմն ակնկալում է, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության ու դաշնակցային հունով։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին», -ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարի վերաբերյալ հայտարարություններին։
Կրեմլի խոսնակը ենթադրում է , որ Հայաստանը ևս շահագրգռված է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանմամբ։
- Վարչապետը երեկ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ «Մեղավորը նրանք ենք, ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը», - հայտարարեց Փաշինյանը։
- Ավելի վաղ նա ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է «մեր դեմ պատերազմի նախապատրաստության»։ Նրա այդ հայտարարությունը հնչել էր Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:
- Հայ-ռուսական հարաբերությունները սկսեցին լարվել առավելապես վերջին երկու տարիներին, երբ Հայաստանը սեպտեմբերյան դեպքերից հետո դիմեց Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ու այդպես էլ չստացավ ակնկալվող օգնությունը։ Չնայած Երևանի հետևողական պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքներ է օկուպացրել։
- Այս տարի արդեն վարչապետ Փաշինյանը հայտարարեց դաշինքին անդամակցությունը դե ֆակտո սառեցնելու մասին։ Մայիսի սկզբին պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։