Մատչելիության հղումներ

Երևանի պատճառով ՀԱՊԿ բյուջեի ճշգրտման անհրաժեշտություն կա․ ՌԴ ԱԳՆ


ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները
ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները

Անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեն, քանի որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված գումարը, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ ներկայումս Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծ է մշակվում։ Նշվում է, որ «վճարների վերաբաշխման մասին խոսք չկա»։

Թե ինչպես են ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ Միացյալ շտաբը կրճատել ծախսերը, արտգործնախարարությունը պարզաբանել է՝ առաջին հերթին Երևանի կողմից համապատասխան կառույցներում իր աշխատակիցներին քվոտային պաշտոններից հետ կանչելու կամ չնշանակելու հաշվին։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը միևնույն ժամանակ նշել է, որ կազմակերպության աշխատանքը կշարունակվի իր բնականոն հունով, իսկ Հայաստանի ֆինանսական պարտավորությունները պահպանվում են։

Մայիսի սկզբին պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը նշեց, որ Երևանը մտադիր է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, և չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։

ՀԱՊԿ-ի անդամները վեցն են՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան, Տաջիկստան և Բելառուս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG