Մատչելիության հղումներ

Հերիք եղավ մեզ սպառնան, հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսեն. ԱԺ նախագահի արձագանքը Մոսկվային


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Սիմոնյանն աբսուրդ որակեց Գալուզինի պնդումները

Եռօրյա լռությունից հետո այսօր Երևանից արձագանքեցին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի զգուշացումներին։

Գալուզինը հորդորել էր Հայաստանին «չանել չմտածված քայլեր, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ և երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների ամբողջական հասանելիություն»։ Ըստ Ռուսաստանի փոխարտգործնախարարի՝ «այդպիսի տեղեկությունների հասանելիությունը ոչ միայն սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, այլև կարող է օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր աբսուրդ որակեց Գալուզինի այս պնդումները։

«Հերիք եղավ մեզ սպառնան, երկրորդը՝ հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսեն, ՀԱՊԿ-ի մասին խոսելիս թող գան, ասեն՝ ՀԱՊԿ-ի սահմանը որտեղով է անցնում, ու ինչ պարտավորություններ ունեն թե՛ որպես ՀԱՊԿ գործընկեր, թե՛ որպես Հայաստան-Ռուսաստան պայմանագրի կողմ։ <> Ի՞նչ տեղեկություն պետք է հասցնենք։ Աբսուրդ եմ որակում», - ասաց նա։

Սիմոնյանն Ալիևի պահանջները կապում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի նախագահի պահանջին՝ Ազգային ժողովի նախագահը հարց է բարձրացնում՝ երբ կողմերը խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություններ են ձեռք բերում, ինչո՞ւ է հանկարծ Ալիևը փորձում հարված հասցնել այդ գործընթացին։ Սիմոնյանն Ալիևի պահանջներն ուղղակիորեն կապում է վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ, թեև Բաքուն Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը բարձրացնում էր նաև մինչև այս շարժման ի հայտ գալը։

«Սա այն շարժման հետևանքն է, որն այսօր Երևանի փողոցներում էքսկուրսիաներ է … ո՞նց կապ չունի, հերթականությունը նայեք՝ մենք փոխանցում ենք իններորդ խմբագրմամբ առաջարկները, դրանից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ դրական, դրական, բայց հիմա իրենք փորձում են օգտվել և թուլացնել մեզ այս իրավիճակում։ Միջանցքն էլ են խաղացրել, ինչ հնարավոր է խաղացրել են, բայց երբ տեսնում են՝ ներքին ինչ-որ գործընթաց է լինում, պետք է պասերով, պասերով։ Ես շատ վստահ եմ, որ նույն տեղից ուղղորդվող գործընթաց է։ Այնտեղից, որտեղից որ ուղղորդվում է ՀՀ-ում իշխանություն փոխելու ցանկությունը, որոնք զուգորդվել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումներով, այնտեղից, որտեղից ուղղորդվում են հանրահավաքների հրավերքները», - հայտարարեց նա։

«Սա քաղաքական հայտարարություն է։ Եթե փաստեր լինեին, ես կասեի, որ դրա հետ կապված կա քրեական գործ, կամ իրավապահ մարմինները կասեին», - շարունակեց նա։

Լավ կլիներ՝ Ալիևը խոսեր Սումգայիթի ջարդերից, Բաքվի ջարդերից. ԱԺ նախագահ

Հայաստանի արտգործնախարարությունն այսօր, քննադատելով Իլհամ Ալիևին՝ Հայաստանի ներքին գործերին կոպտորեն միջամտելու փորձերի և խաղաղության գործընթացը տորպեդահարելու համար, միաժամանակ հնարավոր էր համարել մեկ ամսում խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ազգային ժողովի նախագահը փակագծեր է բացում. - «Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասն ունեն իրենց պատասխանները»։

«Ազատության» հարցին՝ ի՞նչն է շարունակում մնալ չհամաձայնեցված այս պահին, ԱԺ նախագահը պատասխանեց. - «Սպասում ենք պատասխանին, մենք հիմա ուղարկել ենք մերը, սպասում ենք իրենց պատասխանին։ Այդ ժամանակ կիմանանք՝ ինչն է մնում չհամաձայնեցված»։

Իսկ արդյոք ձեռք բերվե՞լ է համաձայնություն, որ Հայաստանը և Ադրբեջանը պատվիրակեն Սյունիք-Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը օտարերկրյա ընկերությանը, Ալեն Սիմոնյանն ընդգծեց. - «Նման հարց ես չեմ հիշում, որ կա խաղաղության պայմանագրի մեջ։ Եթե ինչ-որ պահի հնարավոր կլինի, կամ ինչ-որ առաջարկ կլինի վերադառնալ այդ տարբերակին, դա կարող է լինել քննարկելի։ <> Ես դեռ անցած տարեվերջ ասացի, որ քաղաքական կամքի պարագայում խաղաղության պայմանագիրը կարելի է կքնել վաղը, բայց մենք իրավիճակի ենք ականատես լինում, երբ օրինակ՝ հանդիպող կողմերը քննարկում են մի բան, համաձայնության են գալիս, հետո Ադրբեջանի նախագահը սկսում է հարվածել այդ գործընթացին։

Ես տեսել եմ, որ խոսել է Խոջալուի հետ կապված, լավ կլիներ՝ խոսեր Սումգայիթի ջարդերից, Բաքվի ջարդերից, այդ ցեղասպանությունից նախ պետք է սկսել խոսել մի երկրի համար, որ ուզում է COP ընդունել, պետք է բաց թողնի ռազմագերիներին, բաց թողնի իր քաղբանտարկյալներին»։

Չնայած խաղաղության գործընթացը տորպեդահարելու փորձերին, ըստ Ազգային ժողովի նախագահի, Հայաստանը շարունակելու է խաղաղության իր ընտրած ճանապարհը։

XS
SM
MD
LG