Հայաստանի իշխանությունը Մինսկի խմբի լուծարումը կապում է Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, ընդդիմությունն անթույլատրելի է համարում այս միջազգային ձևաչափը լուծարելու Բաքվի պահանջը։
Այս շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե հայկական կողմին առաջարկել են, որ Երևանն ու Բաքուն միասին դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել մոտ երեք տասնամյակ արցախյան հիմնախնդրի բանակցային հարթակ հանդիսացած Մինսկի խումբը լուծարելու Բաքվի առաջարկին։
Առայժմ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» են հակադարձում Ալիևին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն արդեն ստորագրված լինի։ Առանց խաղաղության հաստատման խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն այդ քայլը ճիշտ չի համարում։
«Ես կարծում եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի այն ժամանակ, երբ կլինի խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբ բոլոր հարցերը լուծված կլինեն, պայմանագիրը ստորագրված կլինի։ Այ նոր այդ ժամանակ կարելի է քննարկել այդ հարցը, հիմա միանշանակ տեղին չէ այդ հարցի քննարկումը», - ասաց Արմեն Խաչատրյանը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ երբ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիրը կնքեն, Մինսկի խմբի հարցը օրակարգից դուրս կգա։
«Մինսկի խմբի հետ կապված խոսակցությունները այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագրի կնքումից հետո, որովհետև երբ որ խաղաղության պայմանագիր ենք կնքում, իր իմաստն ուղղակի կորչում է... արդեն դրա կարիքն էլ չի լինի», - նշել է նա։
Ընդդիմությունը ՄԽ-ի լուծարումն անթույլատրելի է համարում
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը մինչդեռ կարծում է, որ անթույլատրելի է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի լուծարումը։ Ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է՝ արցախահայերի իրավունքների պաշտպանության համար այդ կառույցը թեև այս պահին ոչ գործուն, բայց իրավական կարգավիճակ ունեցող լեգիտիմ ձևաչափ է։
«Պետք է պահպանել։ Դա միջազգային մակարդակով եզակի լեգիտիմ հարթակ է, որի քննարկման խնդիրը արցախյան հարցն է, ի դեպ Մինսկի խմբի մանդատի մեջ էլ դա կա, և քանի կա այդ մանդատը, նշանակում է՝ նաև այդ խնդիրը կա։
Իրավիճակի, աշխարհաքաղաքական փոփոխություններով, ճիշտ է, Ռուսաստան- Միացյալ Նահանգներ/ Արևմուտք այս հակասությունը, վաղը չի բացառվում, որ իրավիճակն ամբողջությամբ փոխվի։ Հայաստանը չպետք է իր ձեռքից տա այդ մանդատը, լեգիտիմ մանդատը», - շեշտեց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա ապրիլին խորհրդարանում, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, պնդել էր, թե Հայաստանի իշխանությունը փորձել է երկիը դուրս բերել աշխարհաքաղաքական այն մրցակցությունից, որը դրսևորում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահություն ինստիտուտը՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսատանի Դաշնության, սկսել է գործել 1997 -ից մինչև 2020 -ի քառօրյա պատերազմը։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող միջազգային այս կառույցն իր գործունեության 3 տասնամյակների ընթացքում հակամարտության կարգավորման տարբեր առաջարկներ է ներկայացրել կողմերին՝ փաթեթային, փուլային, ընդհանուր պետության գաղափարը, «Մադրիդյան սկզբունքները», «Կազանյան սկզբունքները» և «Լավրովի պլանը»։ Բոլոր այս առաջարկների շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ համաձայնության չհասան։