Մատչելիության հղումներ

Ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար Հայաստանը միջազգային աջակցություն է ակնկալում


Ջրհեղեղի հետևանքով փլուզված ճանապարհ Լոռու մարզում
Ջրհեղեղի հետևանքով փլուզված ճանապարհ Լոռու մարզում

Լոռու ու Տավուշի մարզերում աղետի հետևանքները վերացնելու համար Հայաստանի կառավարությունը միջազգային աջակցություն է ակնկալում։

«Վերականգման հարցում, մարդկանց կրած վնասները փոխհատուցելու հարցում մենք իրական աջակցության կարիք ենք ունենալու», - նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թե որքա՞ն գումարի վնաս են հասցրել հեղեղները բնակիչներին ու պետությանը, աղետից գրեթե երկու շաբաթ անց դեռ պաշտոնապես չի հստակեցվում։

Որոշ գործընկերների մոտ շոշափելի հետաքրքրություն կա աղետի հետևանքների վերացման հարցում, հատկապես կամուրջների շինարարության և մնացած հարցերով էլ սպասում ենք կարիքների հստակեցման», - ընդգծեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը

Հեղեղներից տուժած բնակավայրերում հիմա դեռ գնահատում են վնասի չափը։ Ե՞րբ ու ինչպե՞ս կփոխհատուցի պետությունը քաղաքացիներին, առայժմ հայտնի չէ։ Հեղեղները ճանապարհներից, կամուրջներից բացի տներ են վնասել, փլուզել, անասուններ ու այգիներ են քշել, տարել։

«Սպասում ենք վերջնական գնահատմանը, ունենք նաև նախնական պատկերացում աջակցության չափերի, ձևերի բովանդակության մասին, որի մասին տեղեկացրել ենք կառավարությանը», - ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Կառավարության նիստում այսօր տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը պնդեց, թե աղետի գոտում ակտիվ վերականգման աշխատանքներ են ընթանում։ Ըստ նրա՝ երեկվանից բաց է Հայաստանը Վրաստանին կապող M6 միջպետական ճանապարհը։ Աղետից հետևանքով 20 կամուրջ է փլուզվել։

Մեկուսացման մեջ հայտնված բնակավայրերի հետ կապը վերականգնելու համար էլ ժամանակավոր հետիոտնային կամուրջներ են կառուցվել։

Աղետի գոտում դեռ ամբողջապես չի վերականգնվել էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը։



XS
SM
MD
LG