Մատչելիության հղումներ

«Իրենք ինչո՞ւ են անհանգստացած շարժումը մարում է, չի մարում». Բագրատ սրբազանը՝ իշխանականներին


Բագրատ արքեպիսկոպոսը, որ մայիսի 9-ից Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով պայքար է սկսել, հարցնում է՝ ինչո՞ւ են այդքան անհանգիստ իշխանականները՝ իր նախաձեռնած շարժումը մարում է, թող մարի։

«Իրենք ինչո՞ւ են անհանգստացած շարժումը մարում է, չի մարում, իրենց ինչ գործն է», - հայտարարեց նա:

Բագրատ սրբազանի շարժման մասին իշխանականները մեկ ամիս է նույն կարծիքին են։ Իրենց տպավորությամբ մարել է կամ մարում է։ Երեկ էլ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր նույնը պնդել։

Բագրատ սրբազանը նախօրեին կոչ էր անում, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը, որ աջակցում են իրեն, կաբինետներից փողոց դուրս գան, պատասխանատվություն ստանձնեն, քայլեր անեն։ Ինչպե՞ս են արձագանքել իր կոչին. - «Շատ դրական»:

Շարժման առաջնորդը անվանական չէր նշել, թե որ քաղաքական ուժերին նկատի ունի։ Այսօր էլ փակագծեր չբացեց։ Ընդհանուր ասաց՝ ուզում է, որ ակտիվ ու համախմբված լինեն, թիրախային գործեն։

Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին հանդիպել էր մայիսի սկզբին։ Հայաստանի պաշտոնաթող նախագահներից միայն Սերժ Սարգսյանին է հանդիպել՝ մեկ շաբաթ առաջ։ Ի՞նչ են քննարկել. - «Իրավիճակի գնահատականը, մասնակցության կերպերը»:

Ավելի մանրամասն հրաժարվեց խոսել։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին դեռ շարժումը սկսելուց առաջ է հանդիպել: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի հանդիպել։

Օրակարգում Գեղարքունիք ու Սյունիք մեկնելն է։ Շաբաթվա վերջում՝ հանրահավաքի է պատրաստվում։

Բագրատ Գալստանյանի ու ՄԻՊ-ի հանդիպումը չստացվեց

Ընդդիմադիր առաջնորդն այսօր հարցեր ուներ մարդու իրավունքների պաշտպանին։ Նա աջակիցների հետ առավոտյան ՄԻՊ գրասենյակի մոտ էր։ Պահանջում էր՝ Անահիտ Մանասյանը ներքև իջնի ու պատասխանի՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների, իր ձևակերպմամբ, բռնությունները իրավունքների խախտո՞ւմ են, թե՝ ոչ։

Անահիտ Մանասյանը այդպես էլ ընդդիմադիրներին չհանդիպեց, աշխատակցի միջոցով փոխանցեց՝ արքեպիսկոպոսին պատրաստ է ընդունել իր աշխատասենյակում, բայց առանց լրագրողների։

Բագրատ Գալստանյանի ու պաշտպանի հանդիպումը չստացվեց, ակցիան այստեղ էլ ավարտվեց։

Անահիտ Մանասըանը խորհրդարանում զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Անահիտ Մանասըանը խորհրդարանում զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Անահիտ Մանասյանը ժամեր անց՝ խորհրդարանում բացատրեց՝ ինչու շենքի մոտ հավաքված մի քանի հարյուր քաղաքացիներին չի հանդիպել. - «Պարզապես քաղաքացիների հետ նաև նկատած կլինեք, մենք երբևէ չենք ունենում որևէ տեսակի քննարկում կամ հաղորդակցություն, որը վարում ենք այլոց, այդ թվում՝ մի քաղաքացու հետ իմ հանդիպումը լինում է առանց այլ քաղաքացիների ներկայության»:

Պաշտպանը վստահեցրեց՝ թե՛ սահմանազատվող Տավուշի, թե՛ այլ սահմանամերձ համայնքների անվտանգության վերաբերյալ զեկույցներ է հրապարակել։ Բռնության դեպքերն անթույլատրելի է համարում պաշտպանը, բայց, ըստ նրա, միայն իրավասու մարմինները կարող են սպառիչ պատասխաններ տալ, որ ՄԻՊ-ն էլ իր եզրահանգումն անի։

Բագրատ Սրբազանն ու աջակիցները նախորդ օրերին էլ Ոստիկանության, Գլխավոր դատախազության ու Քննչական կոմիտեի ղեկավարներից էին բացատրություններ պահանջում։ Նրանք էլ, ինչպես մարդու իրավունքների պաշտպանը, ոստիկանական շարքերից այս կողմ չեն անցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG